Հարված մուրճով

2010թ. հունվարի 20-ին թուրքական Taraf օրաթերթում մի հրապարակում հայտնվեց. Թուրքիայի բարձրագույն զինվորական հրամանատարությունն ու սպայակազմը ծրագրել են 2003թ. մարտի 5-7-ը երկրում քաոսային իրավիճակ ստեղծել և ռազմական հեղաշրջում իրականացնել: Համաձայն հրապարակման՝ զինվորականների թիրախում իսլամամետ հայացքներով հայտնի ու իշխանության ղեկին հայտնված «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ) է եղել։

Taraf-ի թղթակից Մեհմեդ Բարանսուն, հրապարակումից տասն օր անց, ավելի քան 5000-էջանոց մանրամասները հանձնեց դատախազություն։ Սկսվեց հետաքննություն, որը ստացավ Balyoz («Մեծ մուրճ») անվանումը:

Balyoz-ի գործով անցնում էր 367 մեղադրյալ, որից 250 ձերբակալված էին: Ի հայտ եկած նոր մանրամասների հիման վրա պարզ դարձավ, որ իրավիճակն ապակայունացնելու և ռազմական հեղաշրջում իրականացնելու համար նախատեսվում էր կտրուկ սրել հարաբերությունները Հունաստանի հետ, մի քանի պայթյուններ իրականացնել մզկիթներում: Հարված էր հասցվելու նաև Թուրքիայի փոքրամասնություններին. ծրագրվում էր սպանել «Ագօսի» խմբագիր Հրանտ Դինքին, Կ. Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին, լրագող Էթյեն Մահչուպյանին և արձակագիր Սևան Նիշանյանին:

Երկու տարի շարունակ Balyoz-ի գործը գտնվում էր թուրքական հասարակության և մամուլի ուշադրության կենտրոնում: Եվ ահա, սեպտեմբերի 21-ին Ստամբուլի Ծանր հանցագործությունների գործերով 10-րդ դատարանը Թուրքիայի պատմության մեջ աննախադեպ որոշում կայացրեց՝ Balyoz-ի գործով ազատազրկման դատապարտելով 322 զինվորականի։ Ընդ որում՝ ցամաքային առաջին բանակի նախկին հրամանատար Չեթին Դողանը, ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, ծովակալ Հալիլ Իբրահիմ Ֆըրթնան, ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, գեներալ Օզդեն Օրնեքը բանտում կանցկացնեն 20 տարի։

Balyoz-ի գործով անցնող զինվորականները չեն ընդունել առաջադրված մեղադրանքները: Թուրքական ընդդիմության առաջնորդ, Հանրապետական-ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, թե չի հավատում թուրքական դատարանի արդարությանը:

Դատավճիռը հերթական հարվածն էր թուրքական զինվորականությանը, որն աստիճանաբար կորցնում է պետության պաշտպանի ու երաշխավորի, ինչպես նաև քաղաքացիական գործերին միջամտելու մենաշնորհը։

Երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորությամբ, հետևողականորեն շարունակում է զինվորականներին քաղաքացիական գործերից հեռու պահելու և նրանց դիրքերը թուլացնելու քաղաքականությունը: Ավելին՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը քննարկում է մի օրինագիծ, որը ռազմական ակադեմիաներում ուսանելու հնարավորություն է ընձեռելու կրոնական դպրոցների՝ իմամ հաթիփների շրջանավարտներին։ Էրդողանն այս կերպ փորձում է գաղափարակիցների ստվար մի շերտ ստեղծել, որը հուսալի հենարան կլինի թուրքական բանակում՝ հնարավորինս չեզոքացնելով ռազմական հեղաշրջումների հավանականությունը:

ԱԶԿ-ի Ստամբուլից ընտրված պատգամավոր, նախկին գեներալ Շիրին Ունալը ավելի հեռուն է գնացել՝ հայտարարելով՝ ինչու չէ, իմամ հաթիփի շրջանավարտը կարող է նաև Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետ լինել։

Գոռ Երանյան