Սուրիկ Խաչատրյանի որդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։

«2023-ի հունիսի 19-ին «Գորիսի բժշկական կենտրոն»-ից հաղորդում է ստացվել` Գորիս քաղաքի բնակչի՝ աջ դաստակի շրջանի ափային մակերեսի վնասվածքով հիվանդանոց ընդունվելու մասին: Ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով իրականացվել են անհետաձգելի միջոցառումներ։ Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Տիգրան Խաչատրյանը ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել անվադողերի վաճառքով զբաղվող, 46-ամյա համաքաղաքացու հետ։ Վերջինիս եղբոր որդին, դրանք տրամադրելու նպատակով, զանգահարել է Տիգրան Խաչատրյանին և, դիմելաձևի հետ կապված՝ նրանց միջև առաջացել է լեզվակռիվ, որը մնացել է անավարտ:

Նույն օրը Տ․Խաչատրյանն իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է ավտոտեխսպասարկման կետ, որտեղ հիշյալ հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու և հանդուգն վարքագիծ դրսևորելու մոլուցքից դրդված, վիճաբանություն է հրահրել աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Ապա իր մոտ ապօրինի եղած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող վերոնշյալ մարմնական վնասվածքը և հեռացել դեպքի վայրից: Այդ ընթացքում Տ․Խաչատրյանը, իր վարած «Mercedes-Benz» մակնիշի վնասված ավտոմեքենան թաքցնելով, ընկերներից մեկի հետ, իրեն պատկանող մեկ այլ՝ «Toyota Land Cruiser 200» մակնիշի ավտոմեքենայով, լքել են Գորիսի տարածքը»,- ասված է հաղորդագրությունում։

Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ Տիգրան Խաչատրյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։

Մեկնաբանել