Փառատոնը «վերադարձների» առիթ է տվել

«Վերադարձի փառատոնը» «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախաձեռնած երրորդ փառատոնն է՝ «Թավջութակի և ալտի» և «Ազգային պատկերասրահ» միջազգային փառատոների շարքում: 2007թ. մեկնարկած երաժշտական տոնն ի սկզբանե նպատակ է ունեցել Հայաստան հրավիրել արտերկրում ապրող և ստեղծագործող հայազգի երաժիշտներին: Այս տարի այն ընդլայնում է նպատակները՝ Երևանում հայ կատարողների հետ հանդես են գալու նաև նրանց օտարազգի գործընկերները: Մինչև հոկտեմբերի վերջ «Արամ Խաչատրյան» համերգասրահում և Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալու է ութ համերգ:

«Շատ երաժիշտներ, հեռանալով Հայաստանից, լայն կապեր են ձեռք բերել արտերկրում: Նրանց գործընկերներին Հայաստան հրավիրելով՝ մենք հնարավորություն ենք ստանում վերջիններիս ներկայացնելու հայկական մշակույթը, երաժշտությունը։ Բացի այդ՝ նոր ծանոթություններ ու կապեր են ձեռք բերում փառատոնի մյուս մասնակիցները»,– ասում է փառատոնի կազմակերպիչ, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը:

Երեկ փառատոնի բացման համերգին առաջին անգամ Հայաստանում հանդես եկավ իսրայելական «Կամերատա Ջերուսալիմ» կամերային նվագախումբը՝ Ավներ Բիրոնի ղեկավարությամբ: Մարիամ Շահինյանը շեշտում է, որ առաջին անգամ փառատոնը կարողացել է հրավիրել ոչ միայն մենակատարի, այլև մի ամբողջ երաժշտական կոլեկտիվի: Ընդ որում՝ այս այցի ընթացքում պարզ է դարձել, որ վերադարձի գաղափարը կարող է արդիական լինել նաև օտարազգի երաժիշտների դեպքում. «Կամերատայի» երաժիշտներից շատերը, ինչպես նաև նվագախմբի տնօրեն Միխայիլ Կոնցևիչը Հայաստանում եղել են խորհրդային տարիներին…

«Ես երկու անգամ եմ եղել Երևանում, ուրախ եմ կրկին լինել այս հրաշալի երկրում, որը բարեբախտաբար ծաղկում և զարգանում է»,– ասում է Կոնցևիչը: Ի դեպ՝ այս այցը առիթ է տվել նոր համագործակցության՝ Միխայիլ Կոնցեվիչ ու Աննա Մայիլյան:

«Կամերատա Ջերուսալիմ» կամերային նվագախումբը հիմնադրվել է 29 տարի առաջ: Այն այսօր Իսրայելի ամենահայտնի նվագախմբերից է։

«Կամերատայի» հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Անվեր Բիրոնը հետաքրքիր ծրագիր էր կազմել փառատոնի բացման համերգի համար: Առաջին անգամ Հայաստանում հնչեց Յոզեֆ Հայդնի 49-րդ սիմֆոնիան: «Երաժշտության մեջ պարադոքսներ կան, որոնցից մեկն էլ Հայդնն է: Նրա անունը ծանոթ է բոլորին, սակայն իրականում քչերը գիտեն կոմպոզիտորի երաժշտությունը: Հայդնը 104 սիմֆոնիա է հեղինակել: Դրանցից հազիվ յոթն են ճանաչված և կատարվում»,- ասաց նա:

Նվագախմբի հետ հանդես եկավ լիսաբոնաբնակ թավջութակահար Լևոն Մուրադյանը, որի կատարմամբ հնչեց Հայդնի «Թավջութակի կոնցերտը»: Իսրայելցի երաժիշտները ներկայացրին նաև իրենց հայրենակցի՝ ժամանակակից կոմպոզիտոր Նոամ Շերիֆի «Աղոթքը»:
«Ինձ համար շատ կարևոր էր գալ Հայաստան: Մանկուց լսել եմ իմ ծնողներից, որ հայ և հրեա ժողովուրդների պատմությունները շատ ընդհանրություններ ունեն: Իմ երաժշտական կարիերայի ընթացքում բազում հայ երաժիշտների հետ եմ շփվել, որոնք բարձր մակարդակի երաժիշտներ են: Ինձ մշտապես հիացրել է, որ այսքան տառապանք ու զրկանք տարած ժողովուրդն ուժ է գտնում վեր բարձրանալու և սեփական ներդրումն անելու համաշխարհային մշակույթում»,– ասում է Բիրոնը:

Փառատոնի հաջորդ համերգին, որը կկայանա հոկտեմբերի 3-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, առաջին անգամ Հայաստանում հանդես կգա Darius mio դաշնամուրային դուետը: Այն հետաքրքիր է նրանով, որ մասնակիցները քույրեր են. Անահիտ Սողոմոնյանն ապրում է Ֆրանսիայում, Արմինեն՝ Հայաստանում: Թեև դուետը հաճախ է հանդես գալիս արտերկրում, քույրերին դեռևս չի հաջողվել միասին ներկայանալ հայրենիքում:

Հոկտեմբերի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ կունենա գերմանական «Ֆրատրես» տրիոն: Խմբում հայ է միայն սաքսոֆոնահարը՝ Հայրապետ Առաքելյանը, ջութակահարն Արամ Խաչատրյան մրցույթի այս տարվա դափնեկիր Ֆյոդր Ռուդինն է: Նա հանդես կգա նաև «Արամ Խաչատրյան մրցույթ – վերադարձ» խորագրով համերգին՝ հոկտեմբերի 18-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ: Նույն օրը Հայրապետ Առաքելյանի կատարմամբ առաջին անգամ Հայաստանում կհնչի Դավիդ դը Բոոր Քանֆիլդի «Գլիերի անվան կոնցերտը» սաքսոֆոնի համար:

Հոկտեմբերի 16-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ կունենան անվանի թավջութակահար Միքայել Հախնազարյանը և դաշնակահար Մարիաննա Շիրինյանը: Նրանք թեև առաջին անգամը չէ, որ մասնակցում են փառատոնին, սակայն առաջին անգամ են հանդես գալու միասին: Հոկտեմբերի 21-ին, դաշնամուրային երաժշտության երեկոյի շրջանակում, Մարիաննան նաև մենահամերգ կունենա:

«Վերադարձի փառատոնը» ներառում է նաև հոբելյանական համերգներ: Հոկտեմբերի 24-ին Սվետլանա Նավասարդյանը հանդես կգա իր ուսուցչին մեծարող՝ «Նվիրում Վաչե Ումր-Շատի ծննդյան 90-ամյակին» խորագրով համերգին:

Փառատոնի փակման համերգը նվիրված կլինի դաշնակահար Ամալյա Բայբուրթյանի 85-ամյակին: Համերգի ավարտին, որի ընթացքում կհնչեն Մոցարտի, Բեթհովենի, Շոպենի, Լիստի և Ռախմանինովի ստեղծագործությունները, իսրայելաբնակ դաշնակահար Վահագն Պապյանը և իսրայելցի դաշնակահար Բորիս Գիլտբուրգը կկատարեն աշխարհահռչակ ջազմեն Չիկ Կորեայի ստեղծագործությունը։ Այն հատուկ այս ելույթի համար փոխադրվել է երկու դաշնամուրի համար: Փառատոնն այլ ժանրի երաժշտություն կներկայացնի երկրորդ անգամ՝ առաջինը անցյալ տարի Ջոն Հոդյանի ներկայացրած «Էպիֆանի» նախագիծն էր:

Այս օրերին Երևանում դասական երաժշտության ևս երկու փառատոն է անցկացվում՝ «Երևանյան միջազգային երաժշտականը» և «Երևանյան հեռանկարները»։ Սակայն, ինչպես նշեց Մարիամ Շահինյանը, հանդիսատեսը ստիպված չի լինելու ընտրել նրանց միջև. «Վերադարձի փառատոնի» համերգներն այնպես են դասավորված, որ չհամընկնեն երաժշտական մյուս միջոցառումներին:

Մարիա Հովսեփյան

Մեկնաբանել