Խալեդ Մաշալը կլքի «Համասի» առաջնորդի պաշտոնը

Պաղեստինյան «Համաս» շարժման առաջնորդ Խալեդ Մաշալը հայտարարել է իր պաշտոնը լքելու մտադրության մասին, հաղորդում է AP-ն։

Գործակալության՝ «Համասում» ունեցած աղբյուրները պատմել են, որ Մաշալն այսպիսի հայտարարություն է արել շարժման ղեկավարության հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել օրեր առաջ Կահիրեում։ Մաշալը «Համասը» կգլխավորի մինչև շարժման նոր առաջնորդի ընտրությունները, որոնք, ինչպես ակնկալվում է, տեղի կունենան այս տարվա վերջին։ «Համասի» ղեկավարությունում գործակալությանը վստահեցնում են, որ Մաշալի պաշտոնաթողությունը չի հանգեցնի շարժման քաղաքականության փոփոխմանը, այդ թվում՝ Իսրայելի նկատմամբ։

Մաշալի՝ «Համասի» առաջնորդի պաշտոնը (որը նա զբաղեցնում է 1996-ից) լքելու մասին հաղորդվել էր նաև 2012թ․ հունվարին։ Այդ ժամանակ շարժման ղեկավարության անանուն աղբյուրները հայտարարել էին, որ Մաշալը չի պատրաստվում երրորդ անգամ վերընտրվել կազմակերպության ղեկավարի պաշտոնում։ Հաղորդվել էր, որ Մաշալի իրավահաջորդին ընտրելու են մի քանի շաբաթվա ընթացքում։ Սակայն այս հաղորդագրությունները պաշտոնապես չհաստատվեցին, իսկ շարժման ղեկավարության նոր կազմի ընտրություններ մինչ այժմ տեղի չեն ունեցել։

Եթե Մաշալը, այնուամենայնիվ, լքի «Համասի» առաջնորդի պաշտոնը, նա կարող է փորձել ղեկավար պաշտոն զբաղեցնել Պաղեստինի ազատագրության կազմակերպությունում (որտեղ ներկայում գերիշխող դեր են խաղում Ֆաթհի ներկայացուցիչները) կանխատեսում է AP-ն։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Մաշալը կարող է մտնել «Մուսուլման եղբայրների» («Համաս» շարժումը արմատներով գնում է դեպի եգիպտական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը) ղեկավարություն։

Մաշալի իրավահաջորդի դերում հիմնական թեկնածուներ են համարվում նրա տեղակալ Մուսա Աբու Մարզուկը և Իսմայիլ Հանիան՝ «Համասի» կառավարության ղեկավարը Գազայի հատվածում։

Մեկնաբանել