Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընտրություններին ընդառաջ

Սիվիլնեթը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:

Բարև ձեզ, Սիվիլնեթի հյուրն այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն է: Երեկ (խմբ. սեպտեմբերի 24) «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակով. 15 կետից բաղկացած առաջարկությունները կոչ են անում փոխել իրադրությունը ընտրությունների նախաշեմին: Ըստ էության՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում Հանրապետական կուսակցությանը զրկել կուսակցական մենաշնորհից և ազատել պետական համակարգը կուսակցական բռնազավթումից: Որքանո՞վ է իրատեսական, որ իշխանությունն ընդառաջ կգնա այդ առաջարկություններին և ինչ-ինչ փոփոխություններ կանի:

-Կարծում եմ՝ դրույթների իրատեսական լինելու մասին պետք է իշխանությունները խոսեն, բայց ինչպես Դուք և շատ քաղաքացիներ նշել են՝ սրանք այն կետերն են, որոնք անհրաժեշտ են նորմալ ընտրություններ անցկացնելու համար: Եթե այս կետերը կյանքի կոչելուց հետո Հանրապետական կամ որևէ այլ կուսակցություն ունենա նույն ձայների քանակը, համակրանքն ու վստահությունը քաղաքացիների կողմից՝ կարելի է միայն ողջունել: Պարոն Հովհաննիսյանի նշած քայլերն իրոք արդիական ու անհրաժեշտ են, և այստեղ խոսքը այն մասին է, թե ինչպիսի ընտրություններ ենք մենք ուզում անցկացնել, քանի որ այս քայլերի իրականացումը լավ հարթակ է նորմալ ընտրությունների համար. ընտրվելիք նախագահը կունենա լեգիտիմություն և կարող է ասել, որ ինքը արդար ընտրությունների արդյունքում ընտրված նախագահ է:

Խորհրդարանական ընտրություններից առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ գրեթե նույնաբովանադակ նամակով, որին Սերժ Սարգսյանը բավականին կոշտ արձագանքեց: Արդյունքում որևէ փոփոխություն չեղավ: Հրապարակել մի նամակ, որը գործողությունների հաջորդականություն չի ենթադրում, միգուցե ավելի լավ էր նման պահանջով դիմել հասարակությա՞նը:

– Հասարակությունն այստեղ որևէ բան չունի անելու, նամակն ուղղվել է ճիշտ հասցեատիրոջը՝ իշխող կուսակցության նախագահին, երկրի նախագահին: Ճիշտ է՝ նախորդ նամակի պահանջները չիրականացվեցին, և դրա պատճառով ունեցանք այն ընտրությունները, որոնք ունեցանք. որևէ մեկը չի կարող ասել, որ անցած խորհրդարանական ընտրությունները ազատ ու արդար էին: Արդյունքում ունեցանք ընտրակաշառքով, վարչական ռեսուրսի օգտագործմամբ և ուռճացված ընտրացուցակներով ընտրված խորհրդարան, որը բնականաբար հասարակության տրամադրությունները չի արտահայտում: Այս առումով երկրորդ կարծիք չկա: Ինչ վերաբերում է նրան, թե այս անգամ կգնա՞ն այդ ուղղությամբ, թե՞ ոչ՝ դա նրանց խնդիրն է: Մեր խնդիրն է մատնացույց անել թերությունները, պայքարել ազատ ու արդար ընտրությունների անցկացման համար: Թե նրանք ինչ մոտեցում կցուցաբերեն, նրանց խնդիրն է:

Կարելի է ենթադրել, որ իշխանությունն ամենայն հավանականությամբ չի գնա այդ փոփոխություններին: Մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին:

– Դեռ չի հայտարարել. իր բառերով՝ սա թեկնածության խոսք էր…   

Եթե 2013թ. փետրվարի ընտրությունները լինեն նույնպիսին, ինչպիսին 2012թ. մայիսի ընտրությունները, ի՞նչ երաշխիքներ կան, որ դրանք կլինեն ժողովրդի կամաարտահայտության դրսևորում:

– Իհարկե՝ չկան:

Այդ դեպքում ինչու՞ մասնակցել դրանց:

– Այդ դեպքում Դուք պետք է լրագրող չաշխատեք, քանի որ Ձեր տեղեկատվությունը միևնույն է, տեղ չի հասնում կամ հասնում է ու որևէ բան չի փոխվում: Որևէ մեկը որևէ գործունեությամբ չպետք է զբաղվի, քանի որ փոփոխություն չկա: Իհարկե, այս նիհիլիստական մոտեցումն անընդունելի է: Սա ընդամենը ցույց է տալիս, որ պետք է ավելի ակտիվ պայքարես, պայքարի ավելի մեծ դաշտ է առաջանում: Եթե կարողանանք դա հաղթահարել՝ կունենանք նորմալ զարգացող պետություն, որտեղ քաղաքացին վաղվա օրվա հանդեպ հույս ու վստահություն կունենա, կդառնա երկրում առկա իրավիճակի տերը:

Եթե անկեղծ խոսենք, Դուք ակնկալու՞մ եք որևէ փոփոխություն 2013-ին:

– Ես հույս ունեմ, որ 2013-ից հետո փոփոխություններ կլինեն, որովհետև մենք այլ ճանապարհ չունենք: Եթե առաջիկա նախագահական ընտրություններից հետո քաղաքացին հույսը չվերականգնեց, ակնհայտ է, որ մի քանի հարյուր հազար մարդ էլ կարտագաղթի և այդ դեպքում ես Ձեզ հարց եմ տալու՝ ո՞ւմ համար է լինելու Ձեր լրագրությունը:

Վերադառնանք քաղաքական ընթացիկ գործընթացներին: Խոսվում է վարչապետի հնարավոր փոփոխության մասին, Սերժ Սարգսյանը որոշ ոլորտներում ինչ-որ  «բարեփոխումներ» է իրականացնում: Դուք հավատո՞ւմ եք:

– Վարչապետի փոփոխություն ես այս պահին չեմ տեսնում: Կարծում եմ՝ դա տեղի կունենա նախագահական ընտրություններից հետո: Նախընտրական շրջանում քաղաքացիների մոտ հույս արթնացնելու նպատակով փոփոխությունների են գնում: Ինձ համար մի բան միանշանակ է, որ Հայաստանում փոփոխությունը անձանց մակարդակով որևէ բան չի տալու, փոփոխությունն անհրաժեշտ է համակարգային մակարդակով: Այսինքն՝ կառավարման համակարգի տրամաբանությունը, մեթոդոլոգիան պետք է ամբողջությամբ փոխվի:

Ի՞նչ մոդել եք առաջարկում:

– Մենք առաջարկում ենք սահմանադրական փոփոխություն, որի դեպքում կլինի խորհրդարանական/վարչապետական համակարգ, փոփոխություն, որի դեպքում արդարադատության համակարգն անկախ կլինի, քաղաքական ու տնտեսական դաշտերում մենաշնորհները կվերանան և կլինեն ազատ մրցակցային հարաբերություններ:

Դուք այդ ճանապարհը տեսնում եք էվոլյուցիո՞ն, թե՞ հեղափոխական տարբերակով:

– Հայաստանն արդեն էվոլյուցիոն ճանապարհն անցել է: Իսկ հեղափոխության տարբերակը չի ենթադրում զենքը ձեռքին դուրս գալ փողոց. դա ավելի շուտ հեղափոխություն է տեմպերի ու քայլերի առումով: Օրինակ՝ Վրաստանում ըստ էության հեղափոխություն տեղի ունեցավ, ոչ զինված, բայց բարեփոխումների տեսանկյունից դա հեղափոխություն էր, և այսօր երկիրը բազմամիլիարդանոց ներդրումներ է ստանում, վրաց քաղաքացին հավատ ունի վաղվա օրվա հանդեպ և մտածում է, որ մեծ լումա ունի պետության կայացման գործում, պետական մարմինները հավատ են ներշնչել, որ վրաց ժողովուրդը կարևոր պատմական առաքելություն ունի:

Ամեն դեպքում Վրաստանում հոգեբանությունը փոխվել է իշխանություն-հասարակություն հարաբերություններում:

– Այսօր Հայաստանը պետք է հեղափոխական քայլեր ձեռնարկի: Երբ Տիգրան Սարգսյանը դարձավ վարչապետ, «Ժառանգությունը» ոչ միայն ողջունեց այդ քայլը, այլև բարեփոխումների իրականացմանը աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Այսօր մենք տեսնում ենք, որ դա իմիտացիա էր և կորցրած ժամանակաշրջան, ուստի ծայրահեղ անհրաժեշտ են արմատական հեղափոխական բարեփոխումները:

Շատ է խոսվում միասնական ընդդիմադիր թեկնածու ունենալու մասին: Անձամբ Դուք հավատու՞մ եք, որ քաղաքական դաշտը կկոնսոլիդացվի մեկ ընդդիմադիր թեկնածուի շուրջ:

– Այս պահին դրա համար նախապայման ես չեմ տեսնում: Հույսս չեմ կորցնում, որ հնարավոր է ինչ-որ պահի մի բան փոխվի: Օրինակ՝ 1996-ը բոլորն են հիշում, երբ տասն օրվա ընթացքում տարբեր թևերի բաժանված ընդդիմությունը կարողացավ հավաքվել Վազգեն Մանուկյանի շուրջ և համոզիչ պայքար տանել: Եթե նման բան կրկնվի, ողջունելի է, եթե ոչ, ողբերգույթուն չի լինի: Մենք ունենք պայքարի մեր հստակ ուղին, ներկայացրել ենք, թե ինչ ենք անելու, եթե այդ պատասխանատվությունը մեզ վստահվի, ուստի և շարժվելու ենք առաջ: «Ժառանգությունը» բազմիցս է աջակցել, որպեսզի ընդդիմությունը միասնական թեկնածուով հանդես գա և որոշ դեպքերում ստիպված է եղել հրաժարվել կուսակցական շահից և սպասարկել ընդհանուր շահը: Ցավոք՝ որոշ դեպքերում գործընթացները նախօրոք հայտարարված ուղեգծից 180 աստիճանով շեղվել են, ուստի կարծում ենք, որ պետք է ամբողջությամբ ներգրավված լինենք գործընթացներում և դերակատարություն ունենանք որոշումների կայացման գործում:

Լսելով կուսակցական շահը մի կողմ դնելու մասին՝ ցանկանում եմ հարցնել՝ արդյոք մայիսյան ընտրություններում «Ժառանգությունն» իր կուսակցական շահը մի կողմ չդրե՞ց. արդեն սեպտեմբերն է, իսկ «Ժառանգությունը» Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մանդատը վայր դնելուց հետո  Ազգային ժողովում ունի ընդամենը երկու պատգամավոր:

– Կարելի է այդպես ասել: Մենք փորձեցինք համախմբման ուղղությամբ քայլ կատարել՝ ներգրավելով ոչ միայն «Ազատ դեմոկրատների» մեր գործընկերներին, այլ նաև քաղաքացիական դաշտի ներկայացուցիչներին: Որքանով էր ճիշտ այդ քայլը, կերևա մեկ-երկու տարվա ընթացքում, սակայն ամեն դեպքում ևս մեկ անգամ այդ ուղղությամբ քայլ արեցինք և անձնական օրինակով ցույց ենք տալիս, որ մեզ համար կարևորագույն խնդիր է համախմբման գործընթացը և պետության զարգացմանը միտված քայլերը:

Նույն տրամաբանությամբ, եթե պատկերավոր ասենք, «սպանվեց» այն խմբակցությունը, որն արդեն դարձել էր բրենդային և ընդունվում էր հասարակության կողմից: Գուցե այս խմբակցությունն է՞լ իրեն ինչ-որ կերպ կդրսևորի:

– Հույս ունենանք, որ այդ «սպանված» խմբակցության հիման վրա մենք կունենանք դրական զարգացումներ:

Զրուցեց Դերենիկ Մալխասյանը