Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Մինչ օրս ուժի մեջ չի մտել կարգավորումը, որը թույլ կտար Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներին նույնականացման քարտերով հատել ընդհանուր սահմանը։
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար նույնականացման (ID) քարտերով սահմանը հատելու վերաբերյալ համաձայնագիրը ստորագրեցին երկու երկրների վարչապետները 2023-ի հունվարի 12-ին` միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստում։
Համաձայնագրի տորագրումից անցել է ավելի քան կես տարի, սակայն գործընթացը դեռ չի ավարտվել։
Գորըծնթացը դանդաղ է ընթանում՝ հայկական կողմը համաձայնագիրը դեռ չի վավերացրել
Հայաստանի արտգործնախարարությունը համաձայնագրի ստորագրումից երեք շաբաթ անց՝ 2023-ի փերտվարին, պարզաբանում տարածեց, որով տեղեկացրեց, որ ID-ներով սահմանահատումը հնարավոր կլինի միայն երկու պետությունների կողմից համաձայնագրի վավերացումից հետո։
Վրացական կողմը համաձայնագրի ստորագրումից հետո նախատեսված բոլոր ներպետական ընթացակարգերը ավարտեց շաբաթների ընթացքում և վավերացրեց խորհրդարանում։ Վրաստանում գործընթացը արագ կատարվեց։ Հատկանշական է, որ այնտեղ արդեն իսկ գործում է նմանատիպ ռեժիմ Թուրքիայի և Ուկրաինայի հետ։
Անցել է կես տարի, սակայն հայաստանյան կողմը անհրաժեշտ կարգավորումները չի իրականացրել, չնայած դեռ 2020-ին Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվել էր քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին մտադրությունների հուշագիրը։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը միայն նախորդ շաբաթ՝ հունիսի 19-ի հավանություն տվեց կառավարության նախագծին, որը դեռ պետք է վավերացվի խորհրդարանի կողմից։ Այնուհետև համաձայնագիրը պետք է ստորագրեն երկու երկրների նախագահները, որից հետո նոր կմտնի ուժի մեջ։
Ազգային ժողովից #CivilNetCheck-ին տեղեկացրին, որ խորհրդարանական նստաշրջանը ավարտվել է, և համաձայնագրի վավերցման համար անհրաժեշտ է արտահերթ նիստ հրավիրել, ինչը հավանաբար տեղի կունենա հուլիսին։