Պրիգոժինը պնդում է` իր զինյալները գրավել են Ռոստովի ռազմական օբյեկտները, Պուտինը հրամայել է չեզոքացնել նրանց

11:10

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ ռուսական զորքերը հրաման են ստացել չեզոքացնելու նրանց, ովքեր կազմակերպել են զինված ապստամբությունը։

«Բոլոր նրանք, ովքեր գիտակցաբար բռնել են դավաճանության ճանապարհը, ովքեր զինված ապստամբություն են նախապատրաստել, պատասխան են տալու օրենքի և մեր ժողովրդի առաջ»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ հակաահաբեկչական բնույթի լրացուցիչ միջոցներ են ձեռք առնվում Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում։ Պուտինը նշում է, որ վճռական գործողություններ կձեռնարկվեն նաև Ռոստովում իրավիճակի կայունացման ուղղությամբ։

***

9:30

Պրիգոժինը առավոտյան տեսանյութ է հրապարակել՝ պնդելով, որ իր խմբավորումները վերահսկողության տակ են վերցրել Ռոստովի օդանավակայանը և բոլոր ռազմական օբյեկտները։

Տեսաուղերձը, ըստ Պրիգոժինի՝ նկարահանվել է Հարավային ռազմական օկրուգի շտաբում։

Պրիգոժինը նշում է, որ օդանավակայանը վերցրել ենք վերահսկողության տակ, «որպեսզի ավիացիոն հարվածներ հասցվեն ոչ թե իրենց, այլ ուկրաինացիների ուղղությամբ»։

***

Ռուսական Վագներ ռազմական մասնավոր ընկերության հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, թե Ռուսաստանի զորքերը Ուկրաինայում պատերազմի ժամանակ հարվածներ են հասցրել իր խմբավորումներին, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Դոնի Ռոստովից «փախել է ինչպես աղջնակ», և որ ինքն իր խմբով գնում է հաշիվ պարզելու։ «Մենք 25 հազար հոգի ենք, և գնում ենք պարզելու, թե ինչու է երկրում անկարգություն (беспредел)»,- ասում է նա ձայնագրությունում, որը տարածել են տելեգրամյան ալիքները։

Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է Վագներ խմբի դիրքերին հարվածներ հասցնելու մասին Պրիգոժինի պնդումը։ Գերատեսչությունը պնդում է, որ ռուսական բանակը շարունակում է «մարտական ​​առաջադրանքներ կատարել Ուկրաինայի զինված ուժերի հետ շփման գծում՝ հատուկ ռազմական գործողության տարածքում»։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը տեղյակ է Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ «Նախագահ Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մասին։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»,- լրագրողներին ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Պրիգոժինի հայտարարություններից հետո գործ է հարուցել ապստամբություն հրահրելու հոդվածով, հաղորդում է RBC-ն։ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաղորդել է, որ Պրիգոժինի անունից տարածված պնդումները որևէ հիմք չունեն։

«Այս հայտարարությունների կապակցությամբ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության կոչի փաստով։ Պահանջում ենք անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել