Արշալույս Մղդեսյան
Հունիսի վերջին շաբաթ օրը, երբ Ռուսաստանը կանգնած էր ներքին բախումների եզրագծին, բոլորի նման լրահոս էի ընթերցում։ Բայց ի տարբերություն շատերի, որ ցերեկը կանխագուշակում էին նախագահ Պուտինի իշխանության վերջը, իսկ երեկոյան այդ ամենն անվանեցին «գործարք» կամ «շոու», գործնականում ոչինչ չգրեցի։ Դիտելով ռազմական խռովությունը՝ ինձ այլ բան էր հետաքրքրում՝ պետական իշխանության համակարգի փխրունությունն ու ժողովրդի լիակատար ինքնահեռացումն այս ամենից։
Այժմ հայտնի է, որ Վագների ավտոշարասյունը, որը շարժվում էր դեպի Մոսկվա, բաղկացած էր ավելի քան 1000 միավոր տեխնիկայից (զրահամեքենաներ, տասնյակ բեռնատարներ, ՀՕՊ համակարգեր և հարյուրավոր մեքենաներ)։ Սա առավելագույնը 8-10 հազար (գուցե մի քիչ ավելի) զինված մարդ է։ Մի քանի ժամում նրանք անցան մոտ 700-800 կմ և, բացառությամբ մի քանի փոքր (արագ ճնշված) ավիահարվածների, նրանք ոչ մի տեղ չհանդիպեցին ուժայինների պատշաճ դիմադրության։
Սա ինձ հիշեցրեց 2016-ի ապստամբությունը Թուրքիայում: Ռեջեփ Թայիփ Էրդողանը զինվորականության մի մասի խռովությունն արագ ու շատ կոշտ ճնշեց: Նա կոչով դիմեց ժողովրդին, հորդորեց դուրս գալ փողոց և ճնշել խռովությունը, ինչն ի վերջո արվեց։ Նրա կոչին միացան իշխանության այլ ներկայացուցիչներ, քաղաքապետեր։ Ռուսաստանում էլ խոսեցին էլիտայի ներկայացուցիչները: Նրանցից շատերը կոչ էին անում համախմբվել ու աղոթել:
Հետաքրքիր է, որ ՌԴ իշխանություններին սատարելու կոչով ժողովրդին ոչ ոք չդիմեց: Հեղաշրջումը չի կարող հաջողվել, երբ դրան ընդդիմանում է ժողովուրդը:
Կարող եք առարկել, որ Թուրքիայում այն ժամանակ ոչ բոլոր զինվորականներն էին աջակցում հեղաշրջմանը։ Իսկ Ռուսաստանում զինվորականներն աջակցո՞ւմ էին Պրիգոժինին։ Իհարկե՝ ոչ: Իսկ «Վագների» մարտիկների ու հրամանատարների մեջ, ի՞նչ է, ներդրված մարդիկ չկայի՞ն։ Իհարկե, եղել են։
Չնայած դրան, բանակը կարծես գոլորշիացել էր, և ժողովուրդը, որին իշխանությունները վերջին քսան տարիների ընթացքում «խստորեն» և «համոզիչ» կերպով հորդորում էին չխառնվել քաղաքականությանը, հատուցեցին նույն մետաղադրամով՝ մենակ թողեցին իշխանությանն իր ճակատագրի հետ։ Պուտինի բարձր վարկանիշի, ժողովրդի «սիրելին» լինելու մասին ձայները խլացան: Դրանք պարզապես չէին լսվում հնացած համակարգի ճռճռոցների տակ:
Այս իրադարձություններից ժողովրդի մի կողմ կանգնելը՝ Պուտինի «ժողովրդի սիրելին» լինելու պնդումների պատկերին, ակնդետ էր։ Քաղաքագետ Եկատերինա Շուլմանը դա բացատրում է այսպես. «Սա (մարդկանց անտարբերությունը) ընդամենը լուռ համաձայնություն է ստատուս-քվոյի հետ, և հենց իշխանություններին ինչ-որ բան սպառնա, ոչ ոք նրանց օգտին դուրս չի գա»:
Առհասարակ, քաղաքագիտության հայտնի կանոններից է, երբ «մաքրում ես» քաղաքական դաշտը, և չեն մնում իշխանության վրա ազդելու քաղաքական լծակներ, մարդիկ հայտնվում են խոր ապատիայի թմբիրում, բարձրանում է ապստամբության, ռազմական խռովությունների և հեղաշրջումների հավանականությունը: Այդպես է եղել մի շարք ավտորիտար կամ ավտոկրատ ռեժմիներում: Ու այդ ժամանակ մարդիկ հաճախ ոչ միայն չեն պաշտպանում իշխանությանը, այլև աջակցություն են հայտնում խռովարարներին: Օրինակ` Դոնի Ռոստով մտած «Վագների» զինյալներին բնակիչների մի մասը ճանապարհում էր ծափերով և «Վագներ-Վագներ» վանկարկումներով:
Այս անգամ Պրիգոժինի հետ բարիշեցին և փրկեցին իրավիճակը՝ ընդունելով նրա հիմնական պայմանը՝ չցրել «Վագները» և չպատժել ապստամբներին։ Այս անգամ ստացվեց, բայց խնդիրները մնացին չլուծված: Իսկ դրանք խոր արմատներ են գցել ՌԴ-ի քաղաքական համակարգում ու սկսել են դառնալ ձախողումների պատճառ։ Եթե դասեր չքաղվեն, ամենայն հավանականությամբ, ապակայունացման վտանգը հետապնդելու է Ռուսաստանին, որի ղեկավարությունը ժամանակ առ ժամանակ ստիպված է լինելու տոկունության քննություն վերահանձնել:
Հ. Գ. 1917-ին Բոլշևիկները, Լենինի գլխավորությամբ, համարվում էին լուսանցքային քաղաքական ուժ։ Սակայն նրանք պատերազմից և ներքին գզվռտոցներից թուլացած երկրում իշխանությունը վերցրին ավելի քիչ մարդկանցով։ Ասում են՝ 1,5-2 հազար աջակիցներով։
Հ. Գ.-2 Պրիգոժինի ապստամբությունը գործարք կամ շոու որակողների վարկածը, թե իբր սա Պուտինին պետք էր համակարգը թափ տալու, բանակի ղեկավարությունը փոխելու ու ներքին «չիստկա» անելու համար, երկու ոտքով կաղում է: Սա անասելի մեծ ռիսկ է և հսկայական հարված քաղաքական իշխանության ու, հատկապես՝ առաջին դեմքի հեղինակությանը, այն էլ՝ պատերազմող երկրում։ Խիստ անհավանական է, որ նման գնով կադրային փոփոխություններ անեն, երբ հարցականի տակ է դրվում երկիրը ներքին և արտաքին թշնամիներից պաշտպանելու միջուկային տերության ղեկավարի կարողությունը։
Արշալույս Մղդեսյանը հաղորդավար է և քաղաքական մեկնաբան ՍիվիլՆեթում։