Ադրբեջանն Արցախում մի քանի ուղղություններով խախտել է հրադադարը, հակառակորդը կրակել է նաև գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։
«Հունիսի 25-ի ժամը 12:40-ից հունիսի 26-ի ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Ասկերանի, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հունիսի 25-ի ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Ավդուռ համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասված է հաղորդագրությունում։
ՊԲ-ից տեղեկացնում են, որ հունիսի 26-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։