Իրանը կարող է հրաժարվել «Օսկարին» մասնակցելուց

Հնարավոր է, որ Իրանն այս տարի ֆիլմ չառաջադրի ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը: Այս որոշման պատճառը ամբողջ մուսուլմանական աշխարհը ցնցած «Մուսուլմանների անմեղությունը» սիրողական ֆիլմն է, որը նկարահանվել է ԱՄՆ-ում: Associated Press-ի փոխանցմամբ Իրանի կինեմատոգրաֆիայի պետական գործակալության ղեկավար Ջավադ Շամաղդարին  հայտարարել է, որ Իրանը պիտի խուսափի նվիրական արձանիկի համար պայքարին մասնակցելուց, դա հնարավոր համարելով միայն եթե կինոակադեմիան հրապարակավ դատապարտի սկանդալային ֆիլմը:

Եթե դա տեղի ունենա, «Օսկարին» կմասնակցի Ye Habbeh Ghand /«Մի կտոր շաքար»/ ֆիլմը:

Ավելի վաղ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը հանցավոր է անվանել և որակել իբրև խոսքի ազատության չարաշահման արդյունք:

Սեպտեմբերի 24-ին Իրանի կառավարությունը ամբողջ երկրի տարածքում արգելափակել է մուտքը Google որոնման համակարգ և Gmail էլեկտրոնային փոստի ծառայություն: Երկրում արդեն վաղուց սահմանափակվում է օգտատերերի մուտքը BBC, Guardian, CNN մեդիաընկերությունների կայքեր,  Facebook և Twitter սոցցանցեր և այլ արևմտյան ռեսուրսներ: Google-ին պատկանող YouTube վիդեոհոսթինգը, որտեղ տեղադրված են հատվածներ «Մուսուլմանների անմեղությունից» Իրանում արգելափակված է դեռևս 2009-ից:  

Նույն ֆիլմի պատճառով YouTube-ն արգելափակված է նաև Սուդանում, Բանգլադեշում և Պակիստանում: Google-ն իր հերթին սահմանափակել է այդ հոլովակների հասանելիությունը Հնդկաստանում և Ինդոնեզիայում, ավելի վաղ` Եգիպտոսում և Լիբիայում:  

Մուհամադ մարգարեի մասին «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը սուր քննադատության է արժանացել իսլամական երկրներում, որտեղ բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Անկարգությունների արդյունքում մոտ 50 մարդ է զոհվել: