Հարսնաքար-2-ի գործով դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 4-ին

Հոկտեմբերի 4-ին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, վերջին խոսքով հանդես կգա Հարսնաքար-2-ի գործով ամբաստանյալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը, և դատարանը կհեռանա գործով դատավճիռ կայացնելու, հաղորդում է «Փաստինֆո» գործակալությունը:

Սեպտեմբերի 24-ին արագացված դատաքննությանը հաջորդած դատական վիճաբանությունների փուլում մեղադրող, Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Հարությունյանը միջնորդել է Սամվելյանին դատապարտել 6 ամսվա ազատազրկման և 200 հազ. դրամ տուգանքի, իսկ ամբաստանյալի պաշտպան Հովհաննես Հարությունյանը միջնորդել է պայմանականորեն պատիժը չկիրառել, քանի որ ամբաստանյալը զղջացել է, տվել ինքնախոստովանական ցուցմունքներ և «ուղղվելու» ճիշտ ճանապարհին է:

Ըստ մեղադրական եզրակացության` Վարդան Սամվելյանն ապօրինի կերպով պահվող զինամթերքը 01.07.2012թ. ժամը 02:00-ի սահմաններում ավտոտնակից վերցրել և ապօրինի փոխադրել է Երևան քաղաքի Աճառյան 37 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի գիշերը նա զինամթերքով մուտք էր գործել «Հարսնաքար» ռեստորան և սպառնացել պայթեցնել այն: Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո Վարդան Սամվելյանը  ձերբակալվել էր և տեղափոխվել ՊՆ Ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարան: