Դաշնակցությունը նստացույց է իրականացնում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԵՄ դեսպանատների դիմաց

Դաշնակցություն կուսակցությունը 24 ժամյա նստացույց է իրականացնում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։ Նստացույցը մեկնարկել է հունիսի 27-ի առավոտյան։

Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։

2022–ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Լաչինի միջանցքը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանն արդեն անցակետ տեղադրեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհին։ Այս ընթացքում դեպի Արցախ հումանիտար բեռները փոխադրվում էին ռուս խաղաղապահների միջոցով, իսկ բուժառուների տեղափոխումն իրականացնում Կարմիր խաչի միջնորդությամբ։

Հունիսի 15-ի առավոտյան Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից։ Տասն օր անց՝ հունիսի 25-ին, վերականգնվել է միայն բուժառուների տեղափոխումը Արցախից Հայաստան։

Մեկնաբանել