Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունները կտևեն երեք օր, Բլինքենը կհանդիպի Միրզոյանի և Բայրամովի հետ

Լուսանկարը՝ արխիվային․ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը 2023-ի մայիսի 1-ին Վաշինգտոնում հյուրընկալում է իր հայ և ադրբեջանցի գործընկերներին՝ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունները մեկնարկելու են հունիսի 27-ին և շարունակվելու են մինչև հունիսի 29-ը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը։

Նա նաև տեղեկացրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպելու է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ։

Միլերն ընդգծել է, որ ամերիկյան կողմը մի շարք հարցեր ունի, որոնք կցանկանար քննարկել․ «Դրանք շատ զգայուն դիվանագիտական քննարկումներ են, որոնք տեղի են ունենալու այստեղ»։

«Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղության հասնել հնարավոր է և ուղիղ երկխոսությունն առանցքային է մնացած հարցերը կարգավորելու և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու հարցում»,- ասել է նա։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում հանդիպումների շարք էին անցկացրել նաև մայիսի սկզբին։ Քառօրյա բանակցություններից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները նշել էին, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները մնում են տարամետ։ Միրզոյանի ու Բայրամովի միջև ևս մեկ հանդիպում էր կայացել նաև մայիսի 19-ին Մոսկվայում։

Մեկնաբանել