Գևորգ Թոսունյան
2020-ի սեպտեմբերի 25-ին F-16-ի օդաչուների խոսակցությունից իմացել են, որ պատերազմ է սկսվելու, բայց Փաշինյանը վստահել է ինստիտուտներին. այս մասին այսօր ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովի` 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։
Ադրբեջանում հանգրվանած թուրքական F-16 ռազմական օդանավերի օդաչուների խոսակցության գաղտնալսման մասին Քննիչ հանձնաժողովին ավելի վաղ ասել էր պատերազմի ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը։
Նիկոլ Փաշինյանն այսօր հանձնաժողովի անդամներին ասաց, որ մոտալուտ պատերազմի մասին իմացել են, բայց վստահել են ինչ-որ «ինստիտուտների, որոնց կողմից պատերազմի հավանականությունը 30 տոկոս է եղել»։
«Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում հայտնեց, որ ՀՀ զինված ուժերը մաս-մաս բերվում էին առաջին աստիճանի պատրաստականության, որի համար հիմք է հանդիսացել ռադիոկլանման միջոցով 2020-ի սեպտեմբերի 25-ին ստացված F-16 կործանիչների օդաչուների խոսակցությունն առ այն, որ կիրակի ինչ-որ կարևոր բանի պիտի մասնակցեն։ Գլխավոր շտաբի պետը կատարել է նախապատրաստական բոլոր աշխատանքները։ Զեկուցվե՞լ է արդյոք սա ձեզ»,- հարց հնչեցրեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նիկոլ Փաշինյանը սկսեց հեռվից, ասաց, որ 2018-ի մայիսից, երբ ստանձնել է վարչապետի պաշտոնը, «Ազգային անվտանգության ծառայությունը անընդհատ ահազանգել է պատերազմի հնարավորության մասին»։
Նրա խոսքով՝ ժամկետներ ևս նշվել են, օրինակ՝ 2018-ի ամռանը կամ աշնանը, հետո 2019-ի գարնանը։ «Այդ տեղեկատվությունը միշտ եղել է։ Այդ տեղեկատվությունը վերլուծաբաններն էլ են դրել և այլն»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանն այդպես էլ չպարզաբանեց, թե այդ որ ինստիտուտներն են իրեն հայտնել, թե պատերազմի հավանականությունը ցածր է, այն պարագայում, երբ ավելի վաղ ԱԱԾ-ն պարբերաբար զգուշացրել է պատերազմի մասին։