44-օրյա պատերազմի ժամանակ Մովսես Հակոբյանն առաջարկել էր տարհանել 7-րդ պաշտպանական շրջանը. Փաշինյան

Գևորգ Թոսունյան

44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ռազմական ղեկավարությունը նախական որոշում է կայացրել տարհանել պաշտպանության բանակի 7-րդ պաշտպանական շրջանը։ Այդ մասին հունիսի 27-ին Ազգային ժողովի` 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նման որոշման համար հիմք էր հանդիսացել պատերազմի ընթաքում պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության պետ Մովսես Հակոբյանի վերլուծությունը։

«Օրը հիմա հստակ չեմ հիշում։ Եկավ էսպիսի տեղեկություն, որ որոշում է կայացվել՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի 7-րդ պաշտպանական շրջանը պետք է էվակուացնել, այսինքն՝ պետք է զորքերն ամբողջությամբ դուրս բերել։ Ես կապ հաստատեցի Լեռնային Ղարաբաղի իմ գործընկերների հետ ու ինձ ասացին, որ իսկապես նման որոշում կա։ Քննարկումների արդյունքում ինձ ասվեց, որ սա շատ լուրջ վերլուծության արդյունքում կայացված որոշում է։ Հետաքրքրվեցի, թե ով է կայացրել, ինձ պաշտպանության բանակի հրամանատարն ասաց, որ Մովսես Գրանտիչն (Մովսես Հակոբյանը – խմբ․) է այդ ռեկոմենդացիան տվել։ Այսինքն՝ խոսքը գնում էր Լեռնային Ղարաբաղի ամբողջ հյուսիսի մասին»,- պատմեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ինքը Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի ասել է, թե այդ որոշումը հիմնավորված չէ․ «Ի պատիվ Լեռնային Ղարաբաղի նախագահի, նա մի խմբով գնաց՝ տեղում իրադրությունը գնահատելու, որովհետև այնտեղ գնահատականն այն էր, որ զորքը հայտնվում է շրջափակման մեջ, Մովսես Գրանտիչն ասում է՝ պետք է րոպե առաջ էվակուացնել զորքը»,- նշեց վարչապետը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 2020-ի հոկտեմբերի 3-ին մեկնել էր առաջնագիծ՝ պնդելով, թե գնում է «իր բաժին մարտը մղելու»:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, թե առ այսօր չի պարզել, թե ինչու էր նման առաջարկ արվում։

Վարչապետն այս խնդրին անդրադարձավ՝ ի պատասխան հարցին, թե պատերազմի ժամանակ ՊԲ-ի կառավարման կետում եղել են տարբեր անձինք, որոնք իրավասու չէին մասնակցել քննարկումներին, այդ թվում՝ իր կինը՝ Աննա Հակոբյանը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հակոբյանի՝ Արցախ գնալու նպատակը մարդկանց սնունդով ապահովելու հարցում օգնություն ցուցաբերելն էր։

«Բնականաբար Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ շփում է եղել, գաղափար է հնչել, թե իմաստ ունի տասը րոպեով գնան-տեսնեն, որ հրամկազմը տեսնի, որ վարչապետի կինը Ստեփանակերտում է։ Եղել են մարդիկ, որոնք մտածել են, թե դրական ներգործություն կունենա նրա ներկայությունը։ Առաջարկ է եղել՝ գնալ քաղաքավարական այց կատարել, ինչը եղել է»,- հայտնեց վարչապետը։

Մեկնաբանել