Դուրս գալ զբոսաշրջիկի կերպարից

Արցախի նախագահի ընտրությունները զգալի անակնկալ էին նաև ՀՀ որոշում ընդունողների և նրանց կից վերլուծական կենտրոնների համար: Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, թե Երևանում որքան են հեռացել իրականությունից և կորցրել արցախյան իրողությունները հասկանալու կարողությունը:

Ժամանակին արցախյան գործոնը էական ազդեցություն էր գործում ՀՀ ներքին կյանքի վրա: Այն շահարկելով՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հաշիվներն էր մաքրում ընդդիմության հետ, այնուհետև Լևոն Տեր-Պետրոսյանին էին նույն համատեքստում հրաժարական պարտադրում: Վերջին տարիներին Արցախն ու Արցախի հարցը դադարել է էական ազդեցություն թողնել հայաստանյան հանրության վրա. վկան խորհրդարանական վերջին ընտրությունները, երբ քաղաքական ուժերը ծուլացան խոսել արցախյան թեմայով:

Արցախի հարցում որևէ քայլի պատրաստ չլինելն էլ ավելի երևաց 2010թ. դեկտեմբերին «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ, երբ, քաղաքագետ Մանվել Սարգսյանի դիպուկ բնութագրմամբ, պատգամավորների մեծամասնությունն ուղղակի փախավ քննարկումից:

Այո, ՀՀ իշխանությունները վերջին տարիներին անընդհատ փախել են արցախյան թեմայից, կարգավորման գործընթացի շուրջ բանակցությունները դարձնելով մենաշնորհ՝ այն օգտագործել են սեփական լեգիտիմության հարցեր լուծելու կամ վարկեր խնդրելու համար:

Անցած հինգ տարիներին Արցախում հաստատված ռեժիմն ավելի քան ձեռնտու էր ՀՀ իշխանություններին, նրանց նույնիսկ չէր անհանգստացնում, որ Արցախը վաղուց գլորվել էր ոչ ազատ երկրների շարքը: Կարևորը՝ ոչ մեկը պատասխան չի պահանջում, ոչ մեկն Արցախից իրենց չի հանդիմանում, քննադատում: Տարեկան որոշակի գումար է ուղարկվում Ստեփանակերտ, հայաստանյան իստեբլիշմենթն էլ զբոսաշրջիկի աչքերով տարին մեկ կամ մի քանի անգամ իր գնահատականն է տալիս Ստեփանակերտի նորակառույց հյուրանոցներին և… վերջ:

Հայաստանյան իշխանությունները նույնիսկ չցանկացան ֆինանսավորել արցախյան քաղաքացիական հասարակությանը՝ Արցախում գոնե փոքրիկ վերահսկողության մեխանիզմ ստեղծելու համար. չէ՞ որ ՀՀ կառավարությանը պետք է հետաքրքրեր, թե ինչպես են ծախսվում իր կողմից տրվող միջպետական վարկերը: Սրան հակառակ՝ հայաստանյան իշխանավորները մեծ սիրով են կատարել տարբեր անձանց վրա ազդելու Ստեփանակերտից եկող խնդրանքները:

2012թ. հուլիսի 20-ից իրավիճակը փոխվել է: Արցախում առաջանում է ուժ, ով պահանջատեր է լինելու, հարցեր է տալու, կարծիք է հայտնելու, լոբբինգ է անելու: Մի խոսքով՝ Արցախն աստիճանաբար վերադառնալու է սուբյեկտի իր կարգավիճակին: Եվ լուրջ գործոն է դառնալու, այդ թվում՝ ազդելու է ՀՀ-ում վարվող քաղաքականության վրա: ՀՀ իշխանություններն ու նրանց սպասարկող կենտրոնները ստիպված են դուրս գալ զբոսաշրջիկի կերպարից և փորձել հասկանալ Արցախը: Եթե կարող են…