Հայաստանը երկու տասնամյակից ավելի է՝ պարբերաբար պարտվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), բայց «պարտության» դատավորներն այդպես էլ պատասխանատվության չեն կանչվում։ ՍիվիլՆեթը փորձել է հասկանալ՝ ինչու է այդպես, և խնդրի լուծման ինչ տարբերակներ են առաջարկում իշխանությունն ու քաղհասարակությունը։
2004-ի ապրիլին դատավոր Անահիտ Սաղաթելյանը վիրահատության է ենթարկվում, որից հետո վերադառնում է աշխատանքի ու տեղեկանում, որ այլևս չի աշխատում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Այսպես սկսվում է նրա՝ արդեն երկու տասնամյակ տևող պայքարն իր իսկ նախկին գործընկերների որոշումների ու վճիռների դեմ։ Ի վերջո, Անահիտ Սաղաթելյանը հաջողության է հասնում ՄԻԵԴ, բայց դրանով այս պատմությունը չի ավարտվում։
«Ինձ մեղադրել են, պատժել են, աշխատանքից ազատել՝ առանց որևէ նյութ տեղադրելու»,- ասում է Սաղաթելյանը։
Պաշտոնանկությունից տարիներ անց էլ Անահիտ Սաղաթելյանը չի լքել այս դաշտը։ Ներկայում նա փաստաբանական գործունեություն է ծավալում՝ պաշտպանելով այլոց և իր իրավունքները։
Անահիտ Սաղաթելյանին պաշտոնազրկելու գործընթացը սկսվեց 2004-ի փետրվարի 17-ին, երբ արդարադատության նախարարությունը միջնորդություն ներկայացրեց Արդարադատության խորհուրդ՝ պնդելով՝ դատավորը «երեք անգամ, այն է՝ 1997, 2000 և 2001 թվականներին, խիստ նկատողություն է ստացել քրեական դատավարության կանոնների տարբեր կոպիտ խախտումների համար, և 2003-ի դեկտեմբերին նույն հիմքով նրա նկատմամբ կրկին հարուցվել են մի շարք կարգապահական վարույթներ»։
2004-ի մարտի 2-ին Արդարադատության խորհուրդն ուսումնասիրել է միջնորդությունը, իսկ ապրիլի 27-ին հանրապետության նախագահին առաջարկել պաշտոնից ազատել դատավորին, որն էլ ապրիլի 30-ի հրամանգրով Սաղաթելյանին ազատել է։
2000-ականների սկզբին Հայաստանում դատավորների պաշտոնից ազատման մեխանիզմներն այլ էին։ Այդ գործառույթը վերապահված էր Արդարադատության խորհրդին, որը նախագահում էին Հայաստանի նախագահը, գլխավոր դատախազը և արդարադատության նախարարը։ |
Սա գործի նախապատմությունն էր, որը առկա է նաև ՄԻԵԴ-ի վճռի նկարագրական մասում։ Սաղաթելյանի ազատման հիմքը 2003-ին հարուցված վարույթներն էին՝ «մի գործով Քրեական դատավարության օրենսգրքի կոպտագույն խախտումներ թույլ տալու համար»։
«Նրանց նշած քրեական գործով ես որևէ դատական ակտ չեմ կայացրել՝ ո՛չ ընթացիկ, ո՛չ էլ վերջնական»,- ասում է Սաղաթելյանը՝ պնդելով, որ 2004-ին իրեն ո՛չ գրավոր, ո՛չ էլ բանավոր չեն ծանուցել կարգապահական վարույթների վերաբերյալ։
Այնուհետև սկսվել է Անահիտ Սաղաթելյանի պայքարը ներպետական ատյաններում, սակայն այստեղ էլ բախվել է անարդարության. որևէ դատարան նրա դիմումը քննության չի ենթարկել։
Հետագայում Սաղաթելյանը դիմել է ՄԻԵԴ՝ պնդելով, որ իրեն զրկել են դատական համակարգում աշխատանքից ազատվելը բողոքարկելու դատարանի մատչելիությունից։
2015-ին ՄԻԵԴ-ը գտել է, որ խախտվել է դատարանի մատչելիության սկզբունքը։ Այս վճիռը ստանալուց հետո Սաղաթելյանը դիմել է Վարչական դատարան։
«Լսեցին ու բացեցին գործը՝ առանց հիմքերը ստուգելու, պարզապես մերժեցին՝ համարելով, որ դատարանի մատչելիությունն արդեն ապահովված է, ու ես կարողացել եմ դիմել դատարան։ Դատարանն այդպես էլ հաշվի չառավ ՄԻԵԴ-ի վճռում արձանագրած այն կետը, որ այն ժամանակ Արդարադատության խորհուրդը զուրկ էր դատարանի կարգավիճակից և չէր կարող հանդես գալ որպես դատարան»։
Հատված «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ-ի վճռից Դատարանն էական է համարում, որ այն ժամանակ, երբ դիմումատուի գործն ուսումնասիրվել է Արդարադատության խորհրդի կողմից, այն նախագահել են գործադիր իշխանության ներկայացուցիչները։ Համապատասխանաբար, ուսումնասիրվող ժամանակահատվածում Արդարադատության խորհուրդն առկա կազմով չէր կարող դիտարկվել անկախ և անկողմնակալ դատարան։ |
Առ այսօր նա փորձում է ստանալ կարգապահական վարույթի նյութերը, սակայն նման փաստաթղթեր նրան պարզապես չեն տրամադրում։
Արդյոք պատասխանատվության կանչե՞լ դատավորին
Նախկին դատավորը կարծում է, որ պետք է ստեղծել մի մեխանիզմ, որը թույլ չի տա, որ ՄԻԵԴ-ի վճիռներով կոպիտ խախտումներ թույլ տված դատավորները կարիերայի աստիճաններով բարձրանան։
«Հիմա հակառակ գործընթացն է գնում․ այն դատավարոները, որոնք, ըստ ՄԻԵԴ-ի, սխալ են վարվել, կարծես բոլորը տեղավորվում են Վճռաբեկ կամ Հակակոռուպցիոն դատարաններում»։
Տասնամյակներ շարունակ Հայաստանի Հանրապետությունը տուժել է այն դատավորներից, որոնց գործունեության արդյունքում ՄԻԵԴ-ում կայացվել են ընդդեմ Հայաստանի դատական ակտեր։
Այս խնդրին 2019-ի մայիսի 19-ին անդրադաձրավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մի խորհրդակցության ժամանակ հայտարարելով, որ «ՄԻԵԴ-ի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»։
Խնդիրը քննարկեցին, բանավիճեցին ու մոռացան։ Ինստիտուցիոնալ համակարգեր ո՛չ 2019-ին, ո՛չ էլ հաջորդ տարի չներդրվեցին. օրենսդրությունը «հարմարեցվեց» երեք տարի անց։
2022-ին մշակվեց Դատական օրենսգիրքի փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվել է ՄԻԵԴ-ի ակտի ուսումնասիրության արդյունքով առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կարգապահական վարույթ հարուցելու ժամկետը՝ սահմանելով, որ այդ հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե ՄԻԵԴ-ի ակտն ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի: Օրենքն Ազգային ժողովն ընդունեց 2022-ի հուլիսի 6-ին, այն ուժի մեջ մտավ 2022-ի օգոստոսի 13-ին: |
Նախքան այդ, փաստորեն, պետությունը նման գործիքակազմ պարզապես չի ունեցել, արձանագրում է Արդարադատության նախարարության վերահսկողության վարչության պետ Հայկ Սանոյանը։
Նրա խոսքով, սակայն, դատավորներ Մնացական Մարտիրոսյանի և Էդվարդ Նահապետյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները սկսվել են մինչ վերոնշյալ օրենսդրական փոփոխության ուժի մեջ մտնելը, քանի որ ՄԻԵԴ-ի դատական ակտերը կայացվել էին 2021-ի մայիս և հունիս ամիսներին։
Օրենսդրության ուժի մտնելուց հետո էլ, ըստ հասարակական սեկտորի ներկայացուցիչների, մնացել են որոշ բացեր։
«Պետությունը ի վիճակի չեղավ իրականացնել համակարգային «մաքրումը»՝ վեթինգ ասվածը, և որդեգրվեց առանձին գործողությունների ճանապարհը, մասնավորապես՝ կարգապահական պատասխանատվության ինստիտուտը»,- ասում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փորձագետ Հասմիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այս պահին կայացվել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) երեք որոշում, որոնք միմյանցից տարբերվում են ինչպես դատավորի նկատմամբ պատասխանատվության միջոցով, այնպես էլ հիմնավորության աստիճանով։
«Երկու դեպք գործերով, որոնց վերաբերյալ կա ԲԴԽ որոշում, տեսնում ենք, որ դատավորի թույլ տված խախտումը ԲԴԽ-ն բնութագրում է որպես կոպիտ անփութություն։ Սակայն մի դեպքում ընտրվում է «լիազորությունների դադարեցում» պատասխանատվության միջոցը, մյուս դեպքում խիստ նկատողություն է տրվում։ Առաջին հայացքից սա նորմալ է թվում, սակայն երբ փորձում ես հասկանալ հիմավորումը, ապա բավարար հիմքեր չկան, թե ինչու մի դեպքում ԲԴԽ-ն մի որոշում կայացրեց, մեկ այլ դեպքում՝ այլ»,- նշում է Հարությունյանը
Երրորդ դեպքը կապված է դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթի հետ, այս գործով սակայն տեղի ունեցան որոշակի ձգձգումներ, որոնք հետագայում ազդեցին գործի կարճման վրա։
«Հարուցվեց գործը՝ օրենքով սահմանված կարգով, բայց օրենսդիրը նաև սահմանել էր պրոցեսի ընդհատման ժամկետ, որի լրանալուց հետո այն չի կարող հոսել։ Այնպես ստացվեց, որ այդ ժամկետն այս գործով ավարտվեց և գործը կարճվեց»,-ասում է Հասմիկ Հարությունյանը։
Ըստ նրա՝ այս երեք գործն արդեն իսկ վեր են հանում հարցեր ու խնդիրներ, որոնք հետագա վարույթների դեպքում պետք է հանգուցալուծում ստանան։
«Ամենակարևորը, ԲԴԽ-ն պետք է պատշաճ ու հստակ հիմնավորում տա, թե որ դեպքում և ինչու կոնկրետ պատասխանատվության միջոցն է ընտրվում»,- ասում է նա։
Ի՞նչ են ասում թվերը
Ըստ արդարադատության նախարարությունից ստացած գրավոր պատասխանի՝ 2019-2023-ի ընթացքում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ ՄԻԵԴ-ի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերման առիթով արդարադատության նախարարի կողմից հարուցվել է կարգապահական հինգ վարույթ, մեկը դեռ ընթացքի մեջ է։
ՄԻԵԴ-ի գործերով դատավորներին պատասխանատվության ենթարկելու ռիսկերը
Հատկապես դատավորների շրջանում առկա է մտահոգություն, որ նման կառուցակարգերը կարող են խաթարել իրենց անկախությունը։
Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանն այն դատավորներից է, որ կիսում են այս կարծիքը։
«Օրենսդրական փոփոխությունը, երբ դարձավ օրենք, մենք ունեինք մեծ մտավախություն դատավորի անկախության մասով։ Այն իմաստով, որ եթե դատավորը գիտի, որ ինչ-որ բանի համար, հնարավոր է, կրի պատասխանատվություն, միգուցե այդ մտահոգությունն իրեն կաշկանդի ու նա անկախ չգործի»,- ասում է Մխիթարյանը։
Արդարադատության նախարարությունից էլ պարզաբանում են, որ նման կարգավորումներ ներդնելով՝ հաշվի է առնվել միջազգային փորձը։
«Եկեք մի պահ դիտարկենք, որ նախարարը չունի այդ լիազորությունը՝ ունենում ենք մի իրավիճակ, երբ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ է կարողանում հարուցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը սպեցիֆիկ խնդիրների է անդրադառնում, ինչպես նաև դատական իշխանության էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, որի հիմնական մասը դատավոր անդամներն են, ու որտեղ կարող է շահերի լուրջ բախում լինել»,- շեշտում է Սանոյանը։
Այս առումով ուշագրավ է դատավոր Սիմա Իսկանդարյանի գործը։ 2022-ի մարտին ԲԴԽ-ն դադարեցրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները՝ ավտովթարի ենթարկվելուց հետո ոստիկաններին վիրավորելու համար։
Նախքան այդ միաժամանակ վարույթներ էին հարուցվել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում ու Արդարադատության նախարարությունում։ Հանձնաժողովը գտել էր, որ խախտում թույլ չի տրվել, իսկ նախարարությունը միջնորդությամբ դիմել էր ԲԴԽ-ին, որն էլ բավարարվել էր։
Փորձագետ Հասմիկ Հարությունյանը կարծում է, որ դատավորների համար այս ինստիտուտը պետք է շրջահայաց ու մարդու իրավունքների կոնցեպտից գործելու պատասխանատվություն առաջացնի։
2019-ից առ այսօր պետական մարմիններն ու իրավաբանական համայնքն այդպես էլ չեն մատնանշել կամ առանձնացրել այն դատավորներին, որոնք ՄԻԵԴ-ի գործերով կոպիտ խախտումներ են թույլ տվել։
ՍիվիլՆեթը որոշեց առանձնացնել այն գործերը, ըստ որոնց ՄԻԵԴ-ը գտել է, որ դատավորները կամ դատարանները ակնհայտ անարդար որոշումներ ու վճիռներ են կայացրել։ Մենք առանձնացրել ենք Հայաստանի դեմ կայացրած այն վճիռները, որոնք առնչվում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի հինգ հոդվածների՝ Կյանքի իրավունք (հոդված 2), Խոշտանգումների արգելում (հոդված 3), Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք (հոդված 5), Արդար դատաքննության իրավունք (հոդված 6) և Արտահայտվելու ազատություն (հոդված 10):
Եզրափակում
Փաստորեն, պետությունն այդպես էլ արդյունավետ գործիքներ չի ներդնում՝ ՄԻԵԴ-ի վճիռներով կոպիտ խախտումներ թույլ տված դատավորներից ազատվելու համար, փոխարենը Հայաստանի դեմ վճիռների հեղինակ դատավորներից շատերը շարունակում են պաշտոնեական բարձրացումներ ունենալ։
Հոդվածի պատրաստման ուղեցույցը։
Լուսանկարը՝ armtimes.com-ի