2014-ից հետո Քաբուլի «մեծ եղբայր» կդառնա Պեկինը

Օրերս չհայտարարված այցով Աֆղանստան է այցելել Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի ինը մշտական անդամներից մեկը՝ Չժոու Յունկանը, որը պատասխանատու է իրավապահ մարմինների գործունեության համար։

Չժոու Յունկանի այցը, որը տևել է ընդամենը չորս ժամ, շրջադարձային է դարձել երկու երկրների հարաբերություններում։ Չինացի այս կարգի ղեկավարի այց Քաբուլ վերջին 46 տարիներին չէր եղել․ 1966թ․ Քաբուլ էր այցելել Չինաստանի այդ ժամանակվա նախագահ Լյու Շաոցին։

«Չինաստանն ակտիվ մասնակցություն է ունենալու Աֆղանստանի վերականգնման գործում։ Երկու երկրների ռազմավարական համագործակցությունը համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին և նպաստում է խաղաղության ամրապնդմանը, տարածաշրջանային կայունությանն ու կայուն զարգացմանը»,- մեջբերում է չինական «Սինհուա» գործակալությունը Չժոու Յունկանին, որը բանակցություններ է իրականացրել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ։

Այդ բանակցությունների արդյունքում ստորագրվել է անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր, որը նախատեսում է Պեկինի մասնակցություն «աֆղանական ոստիկանության նախապատրաստման, հանդերձավորման և ֆինանսավորման» հարցում։ Այս համաձայնագրի շրջանակում առաջիկա չորս տարիներին 300 աֆղանցի ոստիկան նախապատրաստություն է անցնելու Չինաստանում։ Բացի այդ՝ Պեկինը Քաբուլին կտրամադրի $150 մլն-ի ֆինանսական օգնություն։

Չինաստանն ու Աֆղանստանն ունեն 76 կմ երկարությամբ համատեղ սահման, ինչը խթանում է սահմանների անվտանգության ապահովման համար համատեղ ջանքերի ակտիվացման։ Ինչևէ, անվտանգության ոլորտում երկկողմ համաձայնագրի գլխավոր ինտրիգը կապված է Աֆղանստանից ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի բազմազգ զորախմբի՝ մինչև 2014թ․ վերջ ծրագրված դուրսբերման հետ։ Փորձագետների կարծիքով՝ իր աֆղանական ռազմավարությունը այսօր գնահատելով տարիների կտրվածքով՝ Պեկինը մտադիր է լցնել վակուումը, որը կմնա ISAF-ի (Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժեր) զորախմբի դուրսբերումից հետո և փորձել Քաբուլի համար դառնալ նոր «մեծ եղբայր»։

Այդպիսի արտոնյալ դիրքը չինական ընկերությունների համար մատչում կապահովի Աֆղանստանի հարուստ բնական պաշարների նկատմամբ, որոնք հիմնականում յուրացված չեն՝ պայմանավորված քաղաքացիական պատերազմի տասնամյակներով։ Աֆղանստանն ունի ածխի, պղնձի, երկաթի, ոսկու, հազվագյուտ մետաղների և նավթի պաշարներ, որոնց ընդհանուր արժեքը ամերիկացի փորձագետների գնահատմամբ՝ աստղաբաշխական գումար է կազմում՝ $1 տրլն։ Ավելին՝ աֆղանական կողմն օգտակար հանածոների ռազմավարական պաշարները $3 տրլն է գնահատում։

Հաշվի առնելով հարցի գինը՝ չինական առաջատար ընկերությունները նկատելիորեն ակտիվացնում են իրենց գործունեությունը Աֆղանստանում։ Այսպես, չինական Metallurgical Corporation of China պետական ընկերությունը դեռ 2008թ․ ձեռք է բերել պղնձի խոշորագույն Այնակ հանքավայրի մշակման գործարք՝ խոստանալով ներդնել $4 մլրդ։ Ակնկալվում է՝ արդյունահանումը սկսվելու է 2014-2016 թթ․։ Իսկ չինական էներգետիկայի առաջատար China National Petroleum Corp.-ը անցյալ տարի շահել է Ամուրդարյան գետի ավազանում նավթի հանքավայրի երեք բլոկների (որոնց ծավալը 80 մլն բարել է կազմում) մշակման տենդեր։ Սակայն Պեկինն այս նախագծերը համարում է երկկողմ համագործակցության (որը պետք է արմատապես փոխի Կենտրոնասիական տարածաշրջանը) ընդամենը առաջին ծիծեռնակներ։

Մեկնաբանել