14 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Հունիսի 28-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ 14 բուժառու Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այդ մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 18 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախի «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 25 երեխա, 2-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում։ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 83 հիվանդ, 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Հունիսի 15-ի առավոտյան Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։ Հունիսի 25-ից վերականգնվել է միայն բուժառուների տեղափոխումը Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ։

Մեկնաբանել