Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հերքում են Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հայկական կողմերը կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հունիսի 28-ին՝ ժամը 22:35-23:15-ը կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում։
Պաշտպանության բանակն էլ հաղորդում է, որ Շուշիի շրջանում ադրբեջանական դիրքերին կրակելու տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 28-ի ժամը 23:55-ից հունիսի 29-ի ժամը 00։50-ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է ՊԲ հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, թե իբր հայկական ստորաբաժանումները կրակել են Երասխի, Սոթքի և Շուշիի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։