Կանայք, տղամարդիկ, նրանց երեխաները․ միմյանց (վերա)մարդկայնացնելու հրամայականը

Վերջերս սոցիալական ցանցերում տարածվեց շատերի մոտ վրդովմունք առաջացրած հարցազրույցի դրվագ, որում Կարեն անունով ինչ-որ հայտնի դերասան կամ երգիչ (որն անհայտ է ինձ ու շատերին) խիստ ոգևորված և իրավունքի զգացումով պնդում էր երեխային ծեծելու, ծնողի հանդեպ վախի զգացում ներշնչելու կարևորությունը, երբեմն՝ «տալ-սատկացնելու» արդարացվածությունը։ Նաև մեծահոգաբար հստակեցնում էր, որ նկատի չունի, օրինակ, շիկացած երկաթով ծեծելն այնքան, որ հիվանդանոցում չփրկեն։ Խոսքն ուշադիր լսելը թույլ է տալիս ենթադրել, որ վախ ներշնչելուց խոսող այդ տղամարդը ինքը պաշարված էր զանազան ֆոբիաներով, որոնց ազդեցության տակ իր համար վախենալի սցենարներ էր պատկերում՝ դրանց դեպքում ծեծին այլընտրանք չտեսնելով։ Ընդ որում, ինչ-որ ինքնըստինքյան հասկանալի տոնով, մանիպուլյատիվ կերպով «կանխարգելիչ» ծեծելը տարավ-կապեց երեխայի սեռական դաստիարակության, ապագա սեռական կողմնորոշման և այլ գերարձագանքվող թեմաների հետ։ Սակայն երևի սա առանձին, այսպես ասած՝ հոգեթերապևտիկ թեմա է։ Իսկ մակերեսին երևացողն այն է, որ ծեծը նրա և նրան աջակցողների համար սովորական բան է, մնացած խոսակցությունը՝ «սովոր ձեռքի» արդարացում։ Հավանաբար, ամբողջական հարցազրույցում նա արտահայտել է տվյալ հատվածից դուրս մնացած այլ խնդրահարույց դիրքորոշումներ։

Շատերն ինձ տեսանելի սոցցանցային տիրույթում վրդովվել էին ոչ միայն հաղորդման հյուրի խոսքից, այլև տեսանյութի տակ աջակցող ու հիացական մեկնաբանություններից՝ «իսկական հայ տղամարդ, որ այսօր շատ պակասում է» (ո՞ւմ), «ավելի հարգեցի» և այլն։ Ուշագրավ է, որ մեկնաբանությունների լեզուն նման էր ճնշվածների լեզվի, որոնք ելել են պայքարելու իրենց իրավունքների և ինքնության համար։

Ազատությունը, որով մեծ ու փոքր լսարան ունեցող հաղորդաշարերի ժամանակ արտահայտվում են բռնության ու անհավասարության գաղափարներ, իհարկե խնդրահարույց է, զայրալից արձագանքը՝ հասկանալի։ Հենց միայն ծնողական ծեծի կողմնակիցների առիթավորվելը նշան է, թե ինչ էական դեր ունի մեդիան բռնության և այլ քայքայիչ հանրային երևույթների «օրինականացման» մեջ։ Բայց դրանք առաջ չեն գալիս մեդիայով և չեն անհետանա՝ եթերից հանվելով։ Մեզ պիտի որ երեխայի ծեծն արդարացնող խոսքը չվախեցնի ավելի, քան այն իրականությունը, որ կա դրա հետևում։ Պետք է որ ավելի մտահոգի փաստը, որ դա նորմալացված է այնքան, որ մարդն իրեն ապահով է զգում՝ դա պնդելու, իր փորձով կիսվելու։ Ավելին՝ նա գիտի, որ որոշակի խմբի սիրտ է շահելու երեխային ճնշելու մասին խոսելով, հետևաբար նաև լսարանի վրա է աշխատում, գուցե անգամ ուռճացնում է։ Ուրեմն է՞լ ինչ խնդիր է սա՝ բացի մեդիա-խնդիր լինելուց։ Կամ ավելի ճիշտ՝ մեդիա խնդիրը ի՞նչ ավելի լայն խնդիրների մաս է։ Իհարկե, այդ խնդիրները պիտի մեդիայի քննարկման առարկան կազմեին, ոչ թե՝ դրա ակամա ուղիղ բովանդակությունը։ Բայց ունենք ինչ ունենք, և վերջինիս կողմնակի օգուտը կարելի է համեմատել հետևում պահած երկրորդ հայելու հետ, որը ցույց է տալիս այն, ինչը լավ չենք տեսնում, բայց միշտ մեզ հետ է։ Ի դեպ, մեկ այլ, շատ ավելի մեծ՝ հանրային սփռում ունեցող հաղորդման օրինակով կարելի է ավելի պարզ տեսնել, թե ինչ է անում մեդիան, երբ խնդիրը վեր հանելու փոխարեն դրա մաս է դառնում։

Սրանից մի քանի ամիս առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում «Կնոջ օրագիրը» հաղորդման հերթական տղամարդ հյուրը հարմարավետ տեղ էր ստացել՝ այդ օրագրի մեջ գրելու, թե ինչ պետք է լինեն և անեն հայ կանայք, օրինակ՝ ես։

Նա, մասնավորապես, բաշխում էր տղամարդկանց դուր գալու, «ատամներով պահելու» օգտակար խորհուրդներ, օրինակ՝ «ներողամիտ լինել» և երբեք չասել տղամարդուն, որ «դու սխալ էիր» (անհավատարմության համատեքստում), փոխարենն այնպես անել, որ «նրան պահես» և մեղադրելու փոխարեն մտածես, որ գուցե «սխալը քեզանից է եկել»։ Հյուրը նաև ասում էր, որ տանել չի կարողանում մայրիշխանություն ասվածը՝ դրա տակ նկատի ունենալով կնոջ ցանկացած առարկություն տղամարդուն, օրինակ՝ վերջինիս «մածունը սև ա» պնդմանը։ Հուշում էր, որ մածունի սպիտակ լինելը կարելի է աննկատ համոզել տղամարդուն, որ վերջինս գլխի չընկնի՝ իրեն առարկում են։ Տխուր է, իհարկե, որ կնոջ որևէ տարակարծությունը տագնապ է առաջացնում՝ ընկալվելով որպես իշխելու փորձ, փաստորեն՝ ոտնձգություն սեփական իշխանությանը։ Այսինքն, հարաբերությունները ընկալվում են որպես իշխանության և ուժի հարաբերություններ՝ թե՛ կնոջ ու տղամարդու միջև, թե՛, ինչպես վերի օրինակում, ծնողի ու զավակի միջև։ Մի ուշագրավ արտահայտություն էլ է անում՝ ի պատասխան հաղորդավարի այն կանխորոշող հարցին, թե ով է նրա կյանքում ամենակարևոր կինը․ «Կարծում եմ, միանշանակ, որպես հայ տղա, պատասխանս մեկը պետք է լինի՝ մա՛յրս»։ Նա, օրինակ, չի ասում՝ «ինձ համար, ինչպես շատերի համար, մայրս է», ու հետո երկու տող պատմում հենց իր և մոր կապվածության, հենց իր մոր ունեցած դերի մասին։ Գրեթե վստահ եմ, որ եթե այդ պահին հարցնեին՝ «իսկ ի՞նչ գույն է սիրում հագնել մայրիկդ», կամ «ինչի՞ մասին են ձեր ամենաթանկ զրույցները», պատասխան չէր հետևի․ բայց սա՛ էլ առանձին թեմա է։

Այժմ, երբ ընտրողաբար մեջբերեցի մի քանի արտահայտություն զրույցից՝ ընդհանուրից առանձնացնելով ճիշտ այնպես, ինչպես կազմվել էր շրջանառվող տեսանյութը, թույլ տվեք մի քանի դետալ էլ ավելացնել ամբողջական պատկերի համար։

Նույն զրույցի ընթացքում հյուրը մի քանի անգամ բավականին անկեղծանալով մոտենում էր իր համար զգայուն անձնական թեմաների, սեփական խոցելիությանը, նշում «երբեք չգիտես»-ը տարբեր հանգամանքներում կայացվող որոշումներում։ Ըստ այդմ կարևորում է, որ մարդիկ միանշանակ ու վստահ չպնդեն, թե ինչ կանեն այս կամ այն իրավիճակում, այդ թվում՝ ներել-չներելու հարցում։ Խոսում էր նաև, թեկուզ ակնարկի մակարդակում, չստացված հարաբերություններից մնացած սպիների, դատարկվելու և այլ խիստ անձնական հոգեվիճակների մասին։ Այդ պահին աչքիս առջև դեռ հինգ րոպե առաջ որպես կարծրատիպեր վերարտադրող ֆունկցիա, որպես պատրաստի ձայնագրություն հնչող մեկը մարդկայնանում է, դառնում կոնկրետ ապրումներով, իր անունից խոսող անձ, և այդ ֆոնին անգամ իր ասած նախորդ «պետք է»-ներն ու մյուս կենաց-խրատները դառնում են սեփական խոցելիությունը, թուլությունները, նաև՝ անհատականությունը քողարկելու անվարժ փորձեր։

Եվ ահա հենց այդ պահին, երբ վերջապես հաղորդման հյուրը սկսում է ասել անձնական իմաստ ունեցող բաներ, հաղորդավարը (ուշադրությո՛ւն) հարցնում է, թե ինչպես է նա վերաբերվում կանանց կողմից արտաքինի միջամտություններին՝ քթի, շուրթերի ծավալի և այլն։ Ապա հարցնում է, թե կնոջ արտաքինում ինչն է կարևորում։ Ստանալով շատ մարդկային և ընդհանրական «պետք է սիրտդ կպնի» պատասխանը՝ համառորեն հասնում է նրան, որ հյուրը մանրամասնի, թե տեսնելիս առաջինը ինչին է ուշադրություն դարձնում։ Միայն այդ ժամանակ ենք մենք լսում, որ հյուրը կարևորում է «խնամված լինելը, կեղտոտ չլինելը»՝ նորմալ դատողություններ կենցաղային զրույցի մակարդակի համար, ի դեպ, ուր և իջեցվել էր խոսակցությունը։ Նաև զրույցի ընթացքում տրվում է «ինչը տանել չեք կարողանում կնոջ մեջ» ուղղորդող հարցը, և այդ ժամանակ ենք լսում կնոջ իշխելու վտանգների ու սև մածունի տխուր պատմությունը։ Հաղորդավարն, այսպիսով, անհարմարություն է ապրում՝ իր առջև իրական մարդուն նշմարելով, և արագ բերում նրան, որ հյուրը նորից ապանձնավորվի, մտնի կաղապարի մեջ և խոսի այնտեղից, խոսի որպես «հայ տղամարդ»։ Հաղորդման մանրակերտի վրա կարելի է տեսնել նաև հանրային պատկերը․ մարդիկ հանգիստ կարող են խոսել բոլորի մասին և անունից, բայց ոչ՝ իրենք իրենց։ Եվ այդ ճնշման տակ են հավասարապես տղամարդիկ ու կանայք, որովհետև վաղուց բոլորս ենք մասնակցում միմյանց ու ինքներս մեզ դերի հանգեցնելուն։ Կարևոր է նկատել, որ հանրայինի հաղորդավարն այդ տղամարդու, նրա անձնական ապրումների հանդեպ, ինչպես նաև հեռուստադիտող կանանց հանդեպ անհարգալից է, քանի որ եթերում կազմակերպում է հարաբերության այդպիսի ձև ու կառչում դրանից։ Կարևոր է, որ սա մի օր նկատի հենց մեդիան, հենց վարողը։ Օրինակ, ինչո՞ւ է այդ հաղորդումը կոչվում «Կնոջ օրագիր», ոչ թե՝ «նրա» կամ «քո» օրագիր, ինչո՞ւ հյուրը չգա ու չխոսի ինքն իր անունից ու իր հասկացածի մասին։

Նաև կարևոր է, որ հանրության այս կամ այն խմբի իրավունքները բարձրաձայնող խմբերը նկատեն սեփական ընտրողականությունը, այս հաղորդման մեջ նկատեն ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց, առհասարակ՝ բոլորիս խնդիրների արտացոլումը։ Կարճ ասած, լավ կլիներ դիտել չմոնտաժված նյութը։

Իհարկե, հատկապես երեխաների ու կանանց մասին «պետք է»-ով խոսակցություններն են շարունակում մնալ հարմարավետ զբաղմունքներից մեկը մեր հասարակությունում և ոչ վերջին հերթին՝ եթերում։ Կամայական մի մեծահասակ բոլոր և ոչ թե միայն իր երեխայի դաստիարակության խորհրդատու է և կամայական մի տղամարդ՝ բոլոր «հայ կանանց» պատշաճ վարքի փորձագետ։ Բայց սրանից տուժում են ո՛չ միայն կանայք ու երեխաները։

Ազգային-դաստիարակչական ծեծի վերաբերյալ տեսանյութի ամբողջական տարբերակը չեմ տեսել։ Ելնելով հյուրի անձնային տիպի և ագրեսիվ հակումների մասին ստացածս տպավորությունից՝ թերահավատ եմ, որ հաղորդման մնացած մասում ընդունելի բաներ ասած լինի։ Բայց վստահաբար նա էլ, եթե երեխա ունի ու ծեծելու սեփական փորձն էր մատնում, ինչ-որ պահերի ծնողական քնքշանք է ապրում, որը հավանաբար արագ տրորվում է «հայ խիստ հոր» մարմաջի, սեփական մանկության ազդեցության տակ։ Նա և նրա նման հազարավորները ևս օգնության կարիք ունեն, նրանց պետք է հնարավորություն տրվի իմանալու ոչ թե վախի, այլ վստահության վրա հիմնված հարաբերությունների խորությունը, ջերմ ու հանդարտ ծնող լինելու բերկրանքը, նրան պետք է տրվի հնարավորություն զղջալու բռնանալու համար, զավակին գրկելու և հեկեկալու։ Նրան պիտի տրվի այլընտրանքային իրականության վկան դառնալու հնարավորությունը՝ առաջին հերթին հենց մեդիայում պատկերվող հայրերի օրինակներով։ Թե ինչ կանի նա այդ հնարավորության հետ, կհասկանա արդյոք՝ այլ հարց է։ Դա, ի վերջո, նաև անհատական առանձնահատկություններից է կախված։

Ընտանեկան բռնությունն էլ, ցավոք, զրոյին չձգտող վիճակագրություն է ամբողջ աշխարհում, որ նաև կլինիկական առում ունի։ Սակայն և՛ մեդիայում, և՛ միջանձնային հարաբերություններում, և՛ սոցիալական ինստիտուտների աշխատանքում կարևոր է մնում ջանքը՝ միմյանց հնարավոր լավագույն տարբերակին հասցնելու։

Մեր փոխհարաբերությունները վերամարդկայնացվելու կարիք ունեն, մենք կարիք ունենք միմյանց մեջ կոնկրետ մարդ տեսնելու։

Մեկնաբանել