Մադինայի խոշորագույն մզկիթը կընդլայնեն երեք անգամ

Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահը մեկնարկ է տվել Մադինա քաղաքում Մասջիդ ան Նաբաուի մզկիթի ընդլայնման նախագծին, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով սաուդական SPA գործակալությունը։ Ծրագրվում է, որ ընդլայնման արդյունքում մզկիթն ի վիճակի կլինի տեղավորել մինչև 1,6 մլն մուսուլման, այսինքն՝ մոտ երեք անգամ ավելի շատ։

Նախագծի իրականացման ժամկետներն ու նրա ամբողջական արժեքը հայտնի չեն, սակայն միայն ընդլայնման համար նոր հողերի ձեռքբերման նպատակով ծախսվելու է մոտ $6,6 մլրդ։ Ինչպես նշում է «Ալ Արաբիան», նախագիծն իրականացվելու է երեք փուլով։ Ծրագրվում է, որ առաջին փուլի արդյունքում մզկիթի տարողունակությունը կմեծանա մինչև 800 հազ․ մուսուլման, ևս 800 հազ․ տեղ կստեղծվի երկրորդ և երրորդ փուլերի իրականացումից հետո։

Մասջիդ ան Նաբաուի մզկիթը իսլամի երկրորդ սրբավայրն է Մեքքայում Մասջիդ ալ Հարամից հետո։ Առաջին մզկիթը այն վայրում, որտեղ այժմ գտնվում է Մասջիդ ան Նաբաուին, կառուցվել է դեռ Մուհամադ մարգարեի կենդանության օրոք՝ 622թ․։ Հետագայում մզկիթի տարածքը մի քանի անգամ ընդլայնվել է, և այժմ նրա մակերեսը ավելի քան 400 հազ․ քմ է։ Մզկիթի տարածքում է Մուհամադ մարգարեի գերեզմանը։

Այս տարի՝ ավելի վաղ, Սաուդյան Արաբիան սկսել է ընդլայնել նաև Մասջիդ ալ Հարամ մզկիթը, որում գտնվում է իսլամի գլխավոր սրբությունը՝ Քաաբան։ Այս նախագիծը գնահատվում է $21,33 մլրդ։ Նրա իրականացումից հետո մզկիթ պետք է կարողանա տեղավորել մինչև 1,5 մլն մուսուլման։