Բացահայտվել է «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ․ ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել է «Տելեգրամ» սոցիալական կայքի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և դրանից ստացված ավելի քան 1 մլրդ դրամի «փողերի լվացմամբ» զբաղվող հանցավոր խումբ։ 8 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։

«Պարզվել է, որ Ա. Մանուկյանը, Կ. Մանուկյանը, «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի որդին հանդիսացող Հ. Գալստյանը, ինչպես նաև ինքնությունը չպարզված մի շարք անձինք 2019թ.-ից համացանցի Telegram հավելվածում ստեղծել և կառավարել են «N…», «Nа…» և գրեթե նույնանուն 7 այլ առցանց խանութ-հարթակներ: Այդ հարթակներում նրանք տեղադրել են տարատեսակ թմրամիջոցների լուսանկարներ՝ քանակների, ըստ քաշերի՝ արժեքների մասին, տրամադրել են նամակագրության միջոցով ձեռք բերվող թմրամիջոցների դիմաց վճարման ենթակա գումարների փոխանցման համար նախատեսված, պարբերաբար փոփոխվող Dashcoin և Bitcoin տեսակի կրիպտոարժույթային դրամապանակների տվյալներ»,- ասված է հաղորդագրությունում։

2019-2023 թթ. ընթացքում նշյալ անձինք ապօրինի իրացրել են առանձնապես խոշոր չափերով «Մեթանֆետամին», «Մարիխուանա», «Կոկաին», LSD և «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցներ: Թմրամիջոցների ապօրինի իրացումից ստացված ֆինանսական միջոցները ընդհանուր կազմել են 1 մլրդ 152 մլն 734 հազար դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել