Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի ևս մի քանի հոդվածների շուրջ․ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը հունիսի 27-29-ը Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքում համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Նախարարներն ու նրանց թիմերը շարունակել են առաջընթացը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ: Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք: Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար և հայտնել բանակցությունները շարունակելու իրենց հանձնառությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Երկկողմ բանակցություններից բացի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:

Ամփոփելով հանդիպումների արդյունքները, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արձանագրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում առաջընթաց կա, բայց վերջնական համաձայնության համար դեռ շատ աշխատանք կա կատարելու։

«Կարծում եմ, որ բոլոր կողմերի մոտ կա հստակ ըմբռնում, որ որքան մոտենում ենք համաձայնության հասնելուն, որոշ դեպքերում՝ այնքան դժվարանում է ընթացքը։ Ամենաբարդ հարցերը թողնված են վերջում։ Բայց ես գնահատում եմ անկեղծությունը և անմիջականությունը, որ դրսևորել են բոլորը: Դա է, ի վերջո, փոխըմբռնման և համաձայնության հասնելու ճանապարհը»,- հայտարարել է Բլինքենը։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում հանդիպումների շարք էին անցկացրել նաև մայիսի սկզբին։ Քառօրյա բանակցություններից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները նշել էին, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները մնում են տարամետ։

Մեկնաբանել