Ադրբեջանում մեկնարկում է առևանգված երկու հայ զինծառայողների դատավարությունը

Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում այսօր՝ հուլիսի 3-ին, մեկնարկում է առևանգված երկու հայ զինծառայողների դատավարությունը, հայտնում է ադրբեջանական Report.az-ը գործակալությունը։

Հարություն Հովակիմյանին ու Կարեն Ղազարյանին կեղծ մեղադրանք է ներկայացվել «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու», «ահաբեկչություն ծրագրելու» համար։

***

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 26-ին Ադրբեջանն ապօրինի առևանգել է մարտական հենակետեր սնունդ մատակարարող Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ Հարություն Հովագիմյանին և Կարեն Ղազարյանին։

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հաղորդել էր իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարած երկու հայ զինծառայողների ձերբակալության մասին։

Հայկական կողմը հերքել էր դիվերսիոն ներթափանցման վերաբերյալ Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը և հրապարակել էր միջդիրքային ճանապարհին հրապարակված երկու զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար․ «Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ»։

Մայիսի 28-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով դիմել էր ՄԻԵԴ և պահանջել միջանկյալ միջոց կիրառել՝ զինծառայողների կյանքի իրավունքն ապահովելու նպատակով:

Ապրիլի 10-ին Հայաստանի տարածքում ձերբակալվել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ագշին Բաբիրովը։ Ապրիլի 13-ին Կապան քաղաքին հարակից Աճանան գյուղում հայտնաբերվել և ձերբակալվել էր ադրբեջանցի երկրորդ զինծառայող Հուսոյն Ախունդովը։ Մինչ երկրորդ զինծառայողի ձերբակալությունը՝ ապրիլի 12-ին, Կապանում սպանվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդը։

Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկը՝ Ագշին Բաբիրովը դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Մեկնաբանել