Peugeot-Citroen-ը լքել է CAC-40-ը

Ֆրանսիական Peugeot-Citroen ավտոկոնցեռնի բաժնետոմսերն այլևս չեն ցուցակվելու Ֆրանսիայի հիմնական բորսայական ինդեքսում։ Ավտոարտադրողի արժեթղթերը «կապույտ խաղանիշեր» են եղել ընկերության բորսա մուտք գործելուց ի վեր՝ ավելի քան 25 տարի:

Peugeot-Citroen-ն այսուհետ չի ազդելու CAC-40 ինդեքսի դինամիկայի վրա՝ գնանշումների շարունակական անկման հետևանքով։ Արդյունքում ընկերությունը դադարել է համապատասխանել ցուցակման համար անհրաժեշտ չափորոշիչներին։ Տարեսկզբից ավտոկոնցեռնի բաժնետոմսերն արժեզրկվել են մոտ 40%-ով։

Ընկերությունը հիասթափեցրել է ներդրողներին՝ եվրոպական շուկաներում Peugeot-Citroen-ի վաճառքները կրճատվել են 10%-ով: Այս տարվա առաջին կիսամյակում ավտոկոնցեռնի վնասները կազմել են €819 մլն՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի €806 մլն շահույթի՝ դիմաց:

Կոնցեռնի ղեկավարությունը պատրաստվում է մինչ 2015թ. վերակառուցել բիզնեսը, որի շրջանակում նախատեսում է Ֆրանսիայում կրճատել մոտ 8 հազ. աշխատատեղ։ Ավտոկոնցեռնում կարծում են, որ նման քայլը թույլ կտա ամսական ծախսերը նվազեցնել €100 մլն-ով: Ներկայում ընկերության վնասը ամսական շուրջ €200 մլն է: