Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Հնդկաստանի ԱԳՆ-ների միջև

Հուլիսի 3-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: ԱԳՆ-ից հայտնում են, որ խորհրդակցությունների շրջանակներում ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարության արտաքին քաղաքականության պլանավորման վարչության պետ Սումիթ Սեթի գլխավորած պատվիրակությանը:

«Կողմերն ընդգծել են երկկողմ բարեկամական հարաբերությունների աճող դինամիկան, քննարկել հայ-հնդկական բարձր մակարդակի շփումների, միջգերատեսչական կապերի ակտիվացման և քաղաքական երկխոսության օրակարգի կարևորությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել լրացուցիչ ջանքեր ներդնել պետությունների միջև հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև երկկողմ տնտեսական, մշակութային, կրթական կապերի ամրապնդմանը, երկրների միջև հաղորդակցության կապուղիների հաստատման խթանմանը:

«Նախարարի տեղակալ Սաֆարյանը հնդկական կողմին է ներկայացրել Ադրբեջանի կողմից վերջին շրջանում և առ այսօր իրականացվող ագրեսիվ գործողությունները, որոնք վտանգում են Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունը։ Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուտափույթ հաղթահարման կարևորությունը»,- հայտնում են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Մեկնաբանել