Ասղար Ֆարհադիի ճանապարհը դեպի «Օսկար»

Հոկտեմբերի 2-ին AFG Film Club-ը կինոդիտումների նոր շարք է սկսում: Մինչև ամսվա վերջ  The Club ակումբում յուրաքանչյուր հինգշաբթի կցուցադրվեն իրանցի հռչակված ռեժիսոր Ասղար Ֆարհադիի ֆիլմերը: Կազմակերպիչը Մելիք Կարապետյանն է, որը մի քանի տարի շարունակ փորձում է փոխհատուցել Երևանի կինոթատրոնների պասիվությունը և տարբեր ծրագրերով ներկայացնել համաշխարհային կինեմատոգրաֆի լավագույն նմուշները: 

«Ասղար Ֆարհադիի ճանապարհը դեպի «Օսկար»» ծրագիրը կներկայացնի ռեժիսորի 2003-2011թթ․ ստեղծած ֆիլմերը:

Առաջինը կցուցադրվի «Պարելով փոշու մեջ» դրաման: Այն պատմում է երիտասարդ ադրբեջանցի գաղթականի մասին, որը, ազգակիցների ճնշման տակ, ստիպված է բաժանվել կնոջից, քանի որ նրա մայրը մարմնավաճառ է: Նա քրտնաջան աշխատում է, որպեսզի հոգա հարսանիքի համար կատարած պարտքերը և գումար տրամադրի իր սիրելի՝ անկախ ամեն ինչից, նախկին կնոջը: Չկարողանալով վճարել պարտքերը Նազարը հայտնվում է անապատում, մի տարեց մարդու հետ, որը թունավոր օձերի որսորդ է: Նազարը չի ցանկանում վերադառնալ քաղաք և հույս ունի օձերի որսով բավարար գումար վաստակել: Սակայն նա չի հասկանում, որ անվերջ շատախոսելով սկսում է հետզհետե ջղայնացնել իր հարևանին և վտանգում կյանքը: Ի դեպ՝ տարեց որսորդի դերում հանդես է եկել իրանահայ հայտնի դերասան և ռեժիսոր  Ֆարամարզ Ղարիբյանը:

Ֆարհադիի The Club-ում ցուցադրվող ֆիլմերից հաջորդը «Գեղեցիկ քաղաքը» կլինի: Այն պատմություն է մի տղայի մասին, որը մահվան է դատապարտված 16 տարեկանում իր ընկերուհուն սպանելու համար: Նա դեռ չի բոլորել  իր 18 տարին և ստիպված է բանտում սպասել չափահասությանը և  դատավճռի իրագործմանը: Ֆիլմում Ֆարհադին իրեն հատուկ թվացյալ պարզությամբ խոսում է ներման, բարության և հասարակությունից մարդու կախվածության մասին:   

Հոկտեմբերի 16-ին կցուցադրվի 2006-ին նկարահանված «Չահարշանբե սուրի» միստիկ դրաման: Պարսկական Նոր տարվան նախորդող չորեքշաբթի մարդիկ, հետևելով հին կռապաշտական ավանդույթին, հրավառություն են կազմակերպում: Այդ տոնը, որն Իրանում կոչվում է  «Չահարշանբե սուրի» հայկական «Տիառն ընդառաջ» քրիստոնեական տոնի նմանակն է: Սակայն Ֆարհադիի ֆիլմի հերոսուհի Ռուհին, որն առաջին օրն է նոր աշխատանքի անցել, հայտնվում է բոլորովին այլ «հրավառության» կենտրոնում: Նա ստիպված է ականատես դառնալ իր նոր գործատուի և նրա կնոջ ընտանեկան վեճին:

Հաջորդ ֆիլմը, որը կցուցադրվի հոկտեմբերի 23-ին, Ֆարհադիի առաջին ֆիլմն էր, որ գրավեց միջազգային հանրության ուշադրությունը: Թեև «Էլիի մասին» պատմությունը հատկանշական է հենց իրանական հասարակության համար, այն վերհանում է մարդու արժանապատվությանը, թուլությանը, ազնվությանը և ընտանեկան հարաբերություններին վերաբերող համամարդկային խնդիրներ:

Երեք իրանական ընտանիք որոշում է հանգիստն անցկացնել ծովափին: Կանանցից մեկը հրավիրում է իր դստեր երիտասարդ ուսուցչուհուն միանալու ճամփորդությանը: Նա կարծում է, որ Էլին դուր կգա իրենց ամուսնալուծված ընկերոջը, որը նոր է վերադարձել Գերմանիայից: Ուրախ ընտանեկան ժամանցը վերածվում է տագնապալից դետեկտիվի երբ Էլին անսպասելի անհետանում է և ոչ ոք չգիտի՝ ո՞ղջ է նա, թե՞ ոչ: Ընկերները շատ նոր փաստեր են պարզում ոչ միայն Էլիի, այլև միմյանց մասին:

Շարքի վերջին ցուցադրությունը կկայանա հոկտեմբերի 30-ին: «Ապահարզան» ֆիլմը Ասղար Ֆարհադիին «Օսկար» է բերել և համաշխարհային ճանաչում:

Նադերի ու Սիմինի հանգիստ ընտանեկան կյանքը խափանվում է, երբ Սիմինը որոշում է մեկնել երկրից և բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Նա ցանկանում է  ավելի լավ ապագա պարգևել իր դստերը, սակայն Նադերը չի կարող լքել հայրենիքը Ալցհեյմերի հիվանդությունից տառապող հոր պատճառով: Սակայն Սիմինը վճռականորեն է տրամադրված, նա որոշում է ամուսնալուծվել և իրագործել իր ծրագիրը: Ծնողները կարծես մոռանում են իրենց դեռահաս դստեր մասին, որն արդեն երեխա չէ և վճռական պահին կարող է ճակատագրական դեր խաղալ Նադերի և Սիմինի կյանքում:  

Սրանք են Ասղար Ֆարհադիի մինչ օրս նկարահանած ֆիլմերը: Մինչ առաջին լիամետրաժ խաղարկայինը նկարահանելը նա աշխատել է կարճամետրաժ ֆիլմերի վրա և սերիալներ նկարահանել Իրանի հեռարձակման ազգային ընկերության համար:   

Ֆարհադին 2001-ին առաջին քայլերն է արել պրոֆեսիոնալ կինոյում հռչակված իրանացի ռեժիսոր Էբրահիմ Հատամիկիայի «Ցածր բարձունքներ» ֆիլմում՝ ներկայանալով իբրև սցենարի համահեղինակ:  Հաջորդ տարի նա արդեն ձեռնամուխ է եղել իր ռեժիսորական դեբյուտին և «Պարելով փոշու մեջ» ֆիլմը նկատվել է իրանական «Ֆաջր» և մոսկովյան միջազգային կինոփառատոններում: Հաջորդ աշխատանքը` «Գեղեցիկ քաղաքը», մրցանակների է արժանացել «Ֆաջրում» և Վարշավայի միջազգային կինոփառատոնում:  2006-ին «Չահարշանբե սուրին» մրցանակ է ստացել Չիկագոյի միջազգային կինոփառատոնում, իսկ մեկ տարի անց  «Էլիի մասին» ֆիլմը գլուխգործոցի կոչմանն է  արժանացել և «Արծաթյա արջ» ստացել Բեռլինի 59-րդ միջազգային կինոփառատոնում:  Այն նաև հայտնվել է այդ տարի «Օսկարին» հավակնող օտարալեզու ֆիլմերի ցանկում: Սակայն կատարյալ հաջողություն և համաշխարհային ճանաչում Ասղար Ֆարհադիին իր վերջին` 2011-ին նկարահանված «Ապահարզան» ֆիլմն է բերել: Այն սենսացիա է դարձել և արժանացել կինոքննադատների ամենաջերմ և հիացական արձագանքներին թե՛ Իրանում, թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում: «Ապահարզանը» մի շարք այլ հեղինակավոր մրցանակներ է հավաքել, այդ թվում` Բեռլինի միջազգային փառատոնի «Ոսկե արջ» և էկումենիկ ժյուրիի հատուկ մրցանակ, մրցանակ «Լավագույն օտարալեզու ֆիլմի համար»՝ Բոստոնի, Լոս Անջելեսի, Նյու Յորքի և Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիաների կողմից, «Ոսկե գլոբուս», ֆրանսիական «Սեզար», «Անկախ ոգի» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակ: «Ապահարզանի» շնորհիվ Ֆարհադին դարձել է առաջին իրանցի ռեժիսորը, որ «Օսկար» է ստացել: Նրա ելույթը Ամերիկյան կինոակադեմիայի 84-րդ մրցանակաբաշխությանը, որի ընթացքում Ֆարհադին խնդրել է, չնայած քաղաքական ալեկոծություններին, պայքարել հանուն խաղաղության՝ ռեժիսորին հերոս է  դարձրել իրանցիների աչքում: 

Երևանում Ասղար Ֆարհադիի ֆիլմերը կցուցադրվեն ռեժիսորի հարազատ լեզվով` սա Մելիք Կարապետյանի սկզբունքներից մեկն է: Անգլերեն թարգմանությունը կմատուցվի տիտրերի տեսքով: