Գայանե Խաչատուրյանի մոգական արվեստը գրավել է Մոսկվան

Հայազգի մեծ նկարչուհի Գայանե Խաչատուրյանի ցուցահանդեսը կցանկանային տեսնել Սերգեյ Փարաջանովը, Անդրեյ Տարկովսկին և Մարկ Շագալը: Նրանք, ցավոք, չտեսան ռուսաստանյան թանգարաններում հայկական արվեստի լեգենդի «հաղթարշավը»: Ֆեդերիկո Ֆելինին և Տոնինո Գուերան թանկ կվճարեին Հայաստանից դուրս գտնվող հանդիսատեսին իրենց սիրելի նկարչուհու հետ ծանոթացնելու համար: 

Մոսկվայի ժամանակակից արվեստի STS արտ-լաբորատորիայում ներկայացված է 60 գեղարվեստական աշխատանք՝ դիմակահանդեսներ, պարուհիներ, աճպարարներ, հեքիաթային կենդանիներ, այլաբանական կերպարներ:

«Եթե դուք չեք տեսել Գայանեի աշխատանքները, դուք ոչինչ չգիտեք Թբիլիսիի մասին», – ասում էր Սերգեյ Փարաջանովը:

Գայանեն նկարչական ալբոմով դուրս չէր գալիս փողոց. ստեղծագործել սկսում էր արվեստանոցում՝ աշխատելով միաժամանակ մի քանի նկարի վրա: Լինում էր՝ կտավը մի քանի տարի անավարտ էր թողնում և երբ զգում էր, որ աշխատանքը մոտ է ավարտին, ամբողջությամբ կենտրոնանում էր դրա վրա:

Գայանեի ձիերը թևածում են, նրա ծառերն ունեն վառ կապույտ բներ, իսկ կանայք՝ վառ կարմիր վարսեր: Կտավների վրա շրջում է «երթը կապույտ լուսնի հետ» կամ «դիմակահանդեսը կույր հրեշտակի կամրջի վրա»: Ասում են՝ նկարչուհու ընկերը՝ Սերգեյ Փարաջանովը, բազմիցս է իր կադրերը կառուցել Գայանեի աշխատանքների հիման վրա: Փարաջանովը մի քանի անգամ փորձել է նկարչուհու անձնական ցուցահանդեսը կազմակերպել, սակայն ժամանակները խորհրդային էին, «մոգական» ռեալիզմին նախընտրում էին «սոցիալիստականը», իսկ Կիևի, Մոսկվայի և Երևանի պաշտոնյաները միահամուռ կերպով դեմ էին դուրս գալիս հայ վհուկին:

Գայանեի հեքիաթների աշխարհը բազմատեսակ է, բայց ոչ երբեք՝ խորհրդային: Հայ ազգայինը միախառնվել է ճապոնականի հետ. բազմաթիվ են ձոները՝ նվիրված դիմակների թատրոնին, բուդդայականությանը, ճապոնական դասական փորագրանկարի հիմնադիր «Մեծն Կիտագավա Ուտամարոյին»: Նկարչուհու բազմաթիվ ստեղծագործություններ հիերոգլիֆների են նման՝ գեղեցիկ վրձնախազով և վերծանում պահանջող իմաստով:

Գայանեի աստվածներն էին Հոմերոսը, Գյոթեն, Հյուգոն և Դանտեսը: Մոռացված նախնիների շողքերն առկայծում են նրա աշխատանքների վրա, միահյուսվում ուրվապատկերներին և միախառնվում թիֆլիսյան քաղաքային մշակույթի ու պատմաազգագրական տարրերի հետ:

Փարաջանովը մոսկովյան ցուցահանդեսի երկրորդ լիիրավ կերպարն է: Մուտքի մոտ այցելուներին «ողջունում է» Փարաջանովի դիմանկարը՝ Գայանեի դիմանկարի հարևանությամբ: Մեծն ռեժիսորի դեմքն էքսպրեսիվ է, կարծես մետաղը կտրել-հատել են, նկարչուհու պատկերը՝ հանգիստ է, ինչպես հնագույն էմալներում:

Երկրորդ հարկն այդքան վառ լուսավորված չէ. այստեղ տեղադրված է 50 գրաֆիկական աշխատանք: Սովորական գունավոր մատիտները Գայանեին թույլ էին տալիս հողմում պտտեցնել պարուհիներին, աճպարարուհիներին, դերասաններին, ակրոբատներին, թափառաշրջիկ երաժիշտներին:

Ցուցահանդեսում ներառված են ցուցանմուշներ Երևանի Ազգային պատկերասրահից, Սերգեյ Փարաջանովի թանգարանից, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանից, Մոսկվայի՝ Գայանե Խաչատուրյանի հիմնադրամից և մասնավոր հավաքածուներից: Ցուցահանդեսում ներկայացված է երեք տեսաֆիլմ, այդ թվում՝ Լևոն Գրիգորյանի նկարչուհու մահից երեք տարի առաջ նկարահանած «Ես Գայանեն եմ Թիֆլիսից» ժապավենը:

«Գայանեն շաման է, պատգամախոս, գույնի և ճկունության կցման մունետիկ, Գայանեն ինքնին մոգականություն է», – ասել է Սերգեյ Փարաջանովը: Ցուցահանդեսի կազմակերպիչները չեն փորձել բացատրել նրա այլաբանություններն ու հմայությունները: Գայանե Խաչատուրյանի հիմնադրամի ղեկավար և նկարչուհու աշխատանքների կոլեկցիոներ Վալերի Խանուկաևն ասել է, որ Գայանեն իր կյանքի ընթացքում« գեթ մի պատվոգրի չի արժանացել, իսկ հիմա արդեն ուշ է: Հայ մեծ գրողների, մշակութային և հասարակական գործիչների թբիլիսյան «Խոջիվանք» պանթեոն մրցանակ չես տանի»:

«Տվերսկոյ բուլվարում» բացված ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 28-ը: