Միրզոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Հուլիսի 4-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման՝ երկու երկրների տեսլականին և այդ ուղղությամբ իրականացվող ջանքերին:

«Նախարար Միրզոյանը, նշելով, որ դեսպան Զոհուրիի պաշտոնավարման ժամանակահատվածը համընկել է Հայաստանի համար խիստ բարդ շրջանի հետ, բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի միջև փոխըմբռնման ու հարաբերությունների խորացման գործում նրա կողմից ներդրված ջանքերը։ Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական համագործակցության օրակարգային տարբեր հարցեր՝ երկուստեք գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Ընդգծվել է, որ երկու երկրների փոխգործակցությունը բխում է ինչպես տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու հրամայականից, այնպես էլ երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերից»,- ասված է հաղորդագրությունում։

Միրզոյանն ու Զոհուրին կարևորել են նաև տնտեսական ծրագրերի իրականացմանը, երկկողմ առևտրի խթանմանն ուղղված քայլերը:

Մեկնաբանել