«Սևան ազգային պարկ»-ի գործով կալանավորվել է նախկին տնօրենը և երկու աշխատակից

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերով հարուցված քրեական գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել թվով 3 անձանց, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում. այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության կայքից:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ապա` ՊՈԱԿ-ի տնօրեն, իսկ այնուհետև նաև` ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության ու կառուցապատման մրցութային հանձնաժողովի նախագահ Գ. Մարտիրոսյանը, չկատարելով ՀՀ Կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման համար նախատեսված մրցույթի անցկացման կարգը, «Հրապարակային սակարկությունների» մասին ՀՀ օրենքի և ՀՀ հողային օրենսգրքի պահանջների կոպիտ խախտմամբ, պաշտոնեական փաստաթղթերում` հողամասերի վարձակալության և կառուցապատման համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտերում և մրցույթի արդյունքներով կազմված արձանագրություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով` հաղթող է ճանաչել նախապես որոշված և մինչ այդ տարածքներն ապօրինի փաստացի զբաղեցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց:

Բացի այդ, առանց միջգերատեսչական հանձնաժողովի հավանության, կրկին նույն եղանակով և դիտավորությամբ, մի շարք ֆիզիկական ու իրավաբանական անձանց սահմանված 3 տարուց ավել ժամկետով, այն է` 25 տարով, կառուցապատման իրավունքով տրամադրել է Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտում գտնվող 1905մ բացարձակ նիշից ցածր գտնվող հողամասեր: Ապօրինի կնքված պայմանագրերի հիման վրա ֆիզիկական և իրավաբանական անձինք, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողատարածքների նկատմամբ ապօրինաբար ձեռք բերելով վարձակալության կամ կառուցապատման իրավունքներ, ստացել են իրավունքի պետական գրանցման վկայականներ:

Ըստ նախաքննության տվյալների` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սևանի ստորաբաժանման նախկին ղեկավար Է. Առաքելյանը տևական ժամանակ` 2005-2009 թվականներին, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ճամբարակի ստորաբաժանման ղեկավար Ժ. Ստեփանյանը 2009-2011 թվականներին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, տրամադրման և կառուցապատման գործընթացում, պաշտոնեական փաստաթղթերում` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման միասնական մատյաններում ու վկայականներում, կեղծիքներ, ակնհայտ կեղծ տեղեկություններ, հետին ամսաթվով գրառումներ կատարելու, կեղծ փաստաթղթեր կազմելու և տրամադրելու, ինչպես նաև տրամադրված վկայականների տվյալները վերը նշված մատյաններում չներառելու միջոցով մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ապօրինի գրանցել են հողատարածքների նկատմամբ վարձակալության կամ կառուցապատման իրավունքներ, նրանց տրամադրել իրավունքի պետական գրանցման վկայականներ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Է. Առաքելյանին, Գ. Մարտիրոսյանին և Ժ. Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ 2012թ. հունիսի 22-ին հարուցվել էր քրեական գործը, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության` ՀԿԳ վարչությանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել