«Ջորջիա 2012». պայմանական երկրաշարժ Վրաստանում

Այսօր առավոտից Վրաստանում սկսվել է ՆԱՏՕ-ի «Ջորջիա 2012» ուսումնավարժության գործնական փուլը, որին ակտիվ մասնակցել են նաև ՀՀ ԱԻՆ փրկարարական թիմերը` ցուցադրելով իրենց մասնագիտական բարձր պատրաստվածությունը. այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Ինչպես Ռուսթավիում գտնվող ՀՀ ԱԻ նախարարի շարժական կառավարման կետից հաղորդում է մեր ներկայացուցիչը` դաշտային ուսումնավարժության որոնողափրկարակական աշխատանքներում ներգրավվել են Հայաստանից` 5, Ադրբեջանից և Ղազախստանից` 2-ական, Սլովենիայից, Ուկրաինայից, Միացյալ Նահանգներից, Սլովակիայից և Լիտվայից` 1-ական որոնողափրկարարական թիմ:

Գործնական փուլում ՀՀ ԱԻՆ փրկարարական թիմերը համագործակցել են Լիտվայի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ղազախստանի իրենց գործընկերների հետ:

«Ջորջիա 2012» ուսումնավարժության սցենարի համաձայն` Վրաստանի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, կան բազմաթիվ զոհեր, տուժածներ ու ավերածություններ: Երկրաշարժի հետևանքով տեղի է ունեցել նաև քիմիական վտանգավոր նյութերի արտահոսք, ՃՏՊ-ներ, ջրհեղեղներ ու հրդեհներ:

Երեկոյան որոնողափրկարարական թիմերի հրամանատարների մասնակցությամբ տեղի կունենա կատարված աշխատանքների ամփոփում:

Մեկնաբանել