(ԱՆ)բարեվարք դատավորներ, ձգձգվող գործեր, չբարեփոխված դատարաններ

Անի Գրիգորյան, Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Հայաստանի հետհեղափոխական իշխանությունները դատական համակարգը «խնդրահարույց» դատավորներից ազատելու, հանրության՝ դատարանների նկատմամբ վստահությունը բարձրացնելու մասին բազմաթիվ խոստումներ են տվել։ Ի վերջո որոշվեց դատական համակարգը «մաքրել» դատավորների բարեվարքությունը ստուգելու միջոցով։ #CivilNetCheck-ը փորձել է պարզել՝ ինչպես է ընթանում դատավորների բարեվարքության ստուգումը և որքանով է այն արդյունավետ։

Երևանաբնակ 67-ամյա Լևոն Հովհաննիսյանը կյանքի մեծ մասը շինարարության ոլորտում է աշխատել և ինչպես ինքն է ասում՝ Երևանում մի շարք շենքեր իր ձեռքի աշխատանքն են։ Նա շուրջ 15 տարի հաջող գործունեություն է ծավալում իր «Լևշին մոնտաժ» ՍՊ շինարարական ընկերության շրջանակում, սակայն վերջին տարիներին հայտնվել է ձգձգվող դատական քաշքշուկների մեջ։

Հովհաննիսյանը պատմում է, որ մոտ ութ տարի առաջ Երևանի Գարեգին Նժեդի հրապարակի հարակից շենքերից մեկում տարածք է գնել, դարձել սեփականատեր, սակայն տարածքը այդպես էլ չի տնօրինել՝ դառնալով խաբեության զոհ։

«Այնպես ստացվեց, որ ես գնեցի ու չկարողացա վայելել»,- սրտնեղում է Հովհաննիսյանը և պատմում, որ տարածքը գնելիս այնտեղ աշխատում էին ավիատոսմերի վաճառքով զբաղվող անձինք, որոնք տարածքի վաճառքից հետո իրեն խնդրել են շարունակել աշխատել այնտեղ, մինչև վերջինս որևէ գործ կնախաձեռնի տեղում։

Հովհաննիսյանն էլ համաձայնել է առանց վարձավճարի տրամադրել տարածքը և առանց ծանոթանալու պայմաններին պայմանագիր ստորագրել։ Ասում է՝ կատարած լավությունը շատ թանկ արժեցավ իրեն։

«Կադաստրային փաստաթղթերով ես տարածքի սեփականատեր եմ, ունեմ կադաստրային գրանցում, բայց, ըստ էության, իրավունք չունեմ կատարել իմ սեփականության նկատմամբ որևէ գործողություն՝ տիրապետել, օգտագործել կամ տնօրինել այն»,- ասում է Հովհաննիսյանը՝ տարակուսանք հայտնելով, թե ինչպես ուժ չունեցող փաստաթուղթը կարող էր դատարանի համար հիմք ծառայել նման հայց կիրառելու և իր սեփականություն հանդիսացող գույքի տիրապետումը արգելելու համար։

Դատական գործը շուրջ հինգ տարի է, ինչ ընթանում է։ Այն քննում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը, որը 1996-ից՝ այսինքն մոտ 27 տարի, դատական համակարգում է։ Նիստերը պարբերաբար հետաձգվում են։ Հովհաննիսյանն ասում է՝ մերթ դատավորն առողջական խնդիրներ ունի, սեմինարների կամ այլ պատճառաբանություններով բացակա է, մերթ՝ մյուս կողմը տարբեր պատրվակներով չի ներկայանում։

Վերջին դատական նիստը կայացել է հունիսի 29-ին, սակայն Հովհաննիսյանը մտավախություն ունի, որ այսպես դատական գործընթացը տարիներով կշարունակվի, ինքն այդպես էլ արդարադատության չի հասնի։

Ասում է՝ դատավորի այսպիսի գործելաոճն իր մոտ կասկածներ է առաջացնում դատարաններում կոռուպցիայի պահպանման մասին։ Խոստովանում է՝ հույս ուներ, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները կազդեն նաև դատական համակարգի վրա, սակայն իր փորձը ցույց է տալիս, որ հույսերը սին էին։

Դատաիրավական բարեփոխումները նկատելի չեն

Դատաիրավական հիմնական բարեփոխումների և դատարանները «խնդրահարույց» դատավորներից ազատելու անհրաժեշտության մասին քաղաքացիական հասարակության և ընդհանուր հանրության մոտ մշտապես եղել է ընդհանուր ընկալում։

Սակայն ինչպես Լևոն Հովհաննիսյանը, այնպես էլ հանրության մի ստվար զանգված դատարաններում փոփոխությունը դեռևս չեն նկատում։ Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ 2018-2023-ի ընթացքում իրականացված հարցումների դինամիկան ցույց է տալիս, որ քաղաքացիները ինչպես 2018-ին, այնպես էլ այսօր մեծապես բավարարված չեն դատարաններիի աշխատանքով։

Գրաֆիկը՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի

Կատարված հարցումները ցույց են տալիս, որ հանրությունն արձանագրում է դատարաններում առկա կոռուպցիան։ Ավելին՝ դատարաններում կոռուպցիայի առկայության մասին համոզմունք ունեցող քաղաքացիների թիվը 2019-ի նկատմամբ նույնիսկ աճ է գրանցել։

Գրաֆիկը՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի

Այս տվյալները թերևս կարող են փաստել, որ հանրության համար առնվազն անընկալելի են դատաիրավական համակարգում իշխանության իրականացրած քայլերն ու փոփոխությունները։

Դատավոր Ներսիսյանի օրինակով համակարգում շատ են 20 և ավելի տարի աշխատած դատավորները։ «Ամենաերկարակյաց» դատավորն Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատավոր Գոհարիկ Խաչատրյանն է, որն առաջին անգամ դատավոր է նշանակվել ավելի քան 34 տարի առաջ՝ 1989-ին։

Հայաստանում ներկայում կա գործող 300 դատավոր, որոնցից 159 (53 տոկոսը) առաջին անգամ դատավոր են նշանակվել 2018-ից հետո։

Հետհեղափոխական իշխանության՝ դատական համակարգը «մաքրելու» խոստումները ու (չ)կատարած քայլերը


2018-ի հեղափոխական իրադարձություններից հետո իշխանությունները թեև արձանագրում էին, որ հասարակության կողմից խորը անվստահություն կա գործող դատական համակարգի նկատմամբ, սակայն դեռևս հայտարարում էին, թե սխալ է միջամտել դատական իշխանության աշխատանքին։

Խոսույթը փոխվեց 2019 մայիսի 18-ից հետո, երբ «Մարտի 1-ի» գործով կալանավորված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ ազատ արձակվեց։ Մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին արգելափակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը և ազդարարեց, որ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»՝ չիրագործված գնահատելով նախկին հույսերը դատարանների «ինքնամաքրման» վերաբերյալ։

Շատ չանցած՝ իշխանությունների կողմից կիրառվող «վիրահատական միջամտությունների» խոսույթը փոխարինվեց «անցումային արդարադատության» խոսույթով և շուտով ներմուծվեց նաև վեթինգ տերմինը։

Թեև խոսվում էր, որ կընդունվի դատական համակարգում վեթինգի մասին առանձին նախագիծ, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։

Վեթինգը փոխարինվեց դատավորների բարեվարքության ստուգմամբ։

2020-ի մարտին ընդունված մի շարք օրենսդրական փոփոխություններով դատավորների թեկնածուները և առաջխաղացման ցուցակում ընդգրկված դատավորները պարտավորվեցին բարեվարքության ստուգում անցնել։

Սահմանվեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու տարվա ընթացքում պետք է վերլուծի բոլոր դատավորների գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ հասանելիություն ունենալով շուրջ քսան գերատեսչություններից ստացված տվյալներին, այդ թվում նաև՝ անձի բանկային տվյալներին։

Գործող դատավորների մասով բարեվարքության ստուգում փաստացի չէր նախատեսվում։

2020-ի մայիսին արդարադատության այն ժամանակվա նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ համատարած վեթինգին հնարավոր է անդրադառնալ Սահմանադրության փոփոխություններից հետո՝ հավելելով, որ արդեն իսկ լրջագույն գործիքներ են ներդրվել, որոնք կարող են իրական փոփոխություններ բերել դատական համակարգում։

Այս շրջանից ակտիվացան նաև Բարձրագույն դատական խորհրդի միջոցով դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը։

2021-ի օգոստոսին արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը «ազդարարեց» վեթինգի մեկնարկի մասին՝ պնդելով, որ կոռումպացված դատավորները համակարգից զտվելու են և հեռացվեն։

Մեկ տարի անց միայն՝ 2022-ի հուլիսի 21-ին, երբ հաստատվեց ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կստուգվի ոչ միայն դատական համակարգ նոր մուտք գործող անձանց, այլև գործող դատավորների և դատախազների բարեվարքությունը։

Այս հայտարարությունից շուրջ մեկ տարի անց միայն՝ 2023-ի մայիսին, արդարադատության նախարարությունը ներկայացրեց դատավորների բարեվարքության պարբերական ստուգման նախագիծը։

Բարեվարքության ստուգման Հայաստանի փորձը

Բարեվարքության ստուգումը իրականացրել է և նոր նախագծով իրականացնելու է Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ)։ Հանձնաժողովի եզրակացություններն ունեն խորհրդատվական բնույթ և կիրառող մարմնի համար պարտադիր չեն։

Այս բոլոր տվյալների ուսումնասիրության և համադրման արդյունքում դուրս է բերվում եզրակացությունը։

ԿԿՀ-ից հայտնում են, որ 2020-ից մինչ օրս իրականացվել է բարեվարքության 438 ուսումնասիրություն, ինչի արդյունքում համապատասխան մարմիններին է ներկայացվել 436 խորհրդատվական բնույթի եզրակացություն։ Դրանցից 262-ը եղել է դրական, 53-ը՝ բացասական, 121-ը՝ դրական վերապահումով։ Ուշագրավ է, որ բացասական եզրակացությամբ 53 թեկնածուից 6-ը նշանակվել է համապատասխան պաշտոններում։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչության պետ Մարիաննա Բաղինյանի պարզաբանմամբ՝ բացասական եզրակացությունների մեծ մասի համար հիմք են հանդիսացել անձի և նրանց ընտանիքի գույքի ծագման կամ եկամուտների օրինականության վերաբերյալ անարժանահավատությունը, տվյալների անհամապատասխանությունները։ Այս համատեքստում հատկապես ռիսկային են եղել այն դեպքերը, երը անձը կամ իր ընտանիքի անդամները մշտապես պետական պաշտոններ են զբաղեցրել։ Բացասական եզրակացությունների հիմք է հանդիսացել նաև թեկնածուների՝ մեծ թվով կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելը։ Օրինակ՝ անձն ութ անգամ ենաթարկվել է կարգապահական պատասխանատվության, որովհետև չի կարողացել պատշաճ իրականացնել իր վրա դրված պարտականությունները։

«Օրինակ, ունեցել ենք դեպք, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) բազմիցս կայացված որոշումներով կոնկրետ դատավորի գործունեության կամ կայացված ակտերի հետ կապված խնդիրներ են արձանագրվել ու դրանք ճանաչվել են մարդու իրավուքնների խախտումով կայացված որոշումներ։ Այս հանգամանքն ինքնին հանձնաժողովը դիտարկել է բարեվարքության գնահատականի վրա ազդեցություն ունեցող գործոն»,- պարզաբանում է ԿԿՀ ներկայացուցիչը։

Ինչ վերաբերում է դրական վերապահումով եզրակացություններին, ապա ԿԿՀ-ից պարզաբանում են, որ լինում են որոշակի դեպքեր, երբ անձի վարքագիծն ամբողջական դրական չէ, օրինակ, անձն ունի որոշակի խնդիրներ, որոնք անմիջական ազդեցություն չեն ունենա այդ պաշտոնի նշանակվելու դեպքում, բայց և ամբողջությամբ դրական գնահատել հնարավոր չէ։ Այդ բոլոր դեպքերում տալիս է դրական վերապահումով եզրակացությունը։

Հանձնաժողովի եզրակացությունները, օրենքի պահանջով, ամբողջությամբ փակ են և հրապարակման ենթակա չեն, ինչը շատ դեպքերում տարբեր շահարկումների առիթ է տալիս։

Ներկայում մշակվում է հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ 2023-2026 թվականների համար։ Հանձնաժողովի հանրային հաշվետվողականությունը բարձրացնելու նպատակով նախատեսում է առաջարկել, որ եզրակացության որոշակի հատված հրապարակային լինի։

«Մենք նախատեսում ենք հրապարակել եզրակացությունների միայն եզրափակիչ մասերը, որտեղ անձի վերաբերյալ որևիցե անձնական տվյալ առկա չէ, զուտ բարեվարքության գնահատականն է և ընդամենը նշվում է, թե կոնկրետ որ բաժնի հետ է ունեցել անձը բարեվարքության խնդիր։ Օրինակ՝ գույքային դրություն, աշխատանքային գործունեության ընթացքում դրսևորած վարքագիծ, քրեական պատասխանատվության համատեքստում և այլն»,- պարզաբանում է Բաղինյանը։

Նոր նախագծի մասին

«Ներկայում բարեվարքության համակարգի ամրապնդման, sօft vetting-ի՝ մեղմ վեթինգի մեխանիզմների կիրառման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նաև ներդնելու գործող դատավորների, քննիչների և դատախազների բարեվարքության ստուգման մեխանիզմներ»,- ասում է Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Տիգրանյանը։

Ըստ նախագծի՝ գործող դատավորների, քննիչների և դատախազների բարեվարքության ստուգում իրականացնելու է Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ չորս տարին մեկ անգամ, և ինչպես թեկնածուների դեպքում՝ ենթադրելու է անձի գույքային դրության, նախկինում քրեական, վարչական, կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու, քրեական ենթամշակույթին հարելու, ինչպես նաև շահերի բախման, անհամատեղելիության առնչությամբ առկա իրավիճակի վերաբերյալ ուսումնասիրություն։

«Այժմ քննարկվում է անցումային դրույթներով կարգավորել, որպեսզի առաջնային ստուգվեն այն դատավորները, որոնք նախկինում ընդհանրապես բարեվարքության ստուգում չեն անցել» – հայտնում է Տիգրանյանը և նշում, որ որպես ուսումնասիրության արդյունքների կիրառում քննարկվում է և՛ վարչական, և՛ կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառումը։

Վերջին շրջանում Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական վարույթների միջոցով ակտիվորեն նկատողությունների և նույնիսկ դատավորների լիազորությունների դադարեցման որոշումներ է ընդունում, ինչը ևս մեկնաբանվում է որպես «անցանկալի» դատավորներից ազատվելու քայլ։ Տիգրանյանը, սակայն, նշում է, որ կարգապահական վարույթներով համակարգում բարեվարքության հաստատմանը չեն կարող հասնել. այստեղ և՛ նպատակների, և՛ կարգավորումների տարբերություն կա։

«Գործող կարգավորումներով կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը միայն դատավորի կողմից նյութական իրավունքի կամ պրոցեսուալ դատավարական նորմերի խախտումն է, մասնագիտական տեսանկյունից է իրականացվում վերահսկողություն, իսկ այս դեպքում էթիկական տեսանկյունից է իրականացվում վերահսկողությունը, քանի որ կարող են լինել դեպքեր, երբ դատավորը բոլոր օրենքների պահանջները պահպանած լինի, բայց բարեվարքության համատեքստում խնդիրներ առկա լինեն։ Բարեվարքության ստուգման այս մեխանիզմը այդպիսի խնդիրների վերհանումն է, որպեսզի արժեհամակարգի փոփոխության հասնենք»,- ասում է Հասմիկ Տիգրանյանը։

Բարեվարքության ինստիտուտը «կմաքրի՞» դատական համակարգը

Բարեվարքության ստուգման ներդրված մեխանիզմի արդյունավետության և ընդհանրապես բարեվարքության եզրակացությունների ինստիտուտի գոյության իմաստը կասկածի տակ դրվեց, երբ 2022-ի նոյեմբերին Բարձրագույն դատական խորհուրդը հակակոռուպցիոն դատարանի դատավոր ընտրեց ՄԻԵԴ վճիռներով խախտումներ թույլ տված, քաղաքական գործերով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանին, այն դեպքում, որ ԿԿՀ-ն Մարտիրոսյանի բարեվարքության վերաբերյալ տվել էր բացասական եզրակացություն։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, մինչդեռ, իշխանության քայլերն ու ներդրվող գործիքները համարում է ոչ արդյունավետ։

«Այն շարունակական կամ, այսպես կոչված, էվոլուցիոն դատական բարեփոխման ճանապարհը, որը ներկայում ընտրված է կառավարության կողմից, կենսունակ չէ։ Ես չգիտեմ այդպիսի պետություն, այդպիսի դեպք, որտեղ նման էվոլյուցիոն ճանապարհով հասել են հաջողության առանց ելակետային դրույթների»,- ասում է իրավապաշտպանը։

Սաքունցը հստակեցնում է՝ երկար տարիներ շրջանառված վեթինգն ու բարեվարքության ստուգումը նույնական չեն և նշում, որ դեռևս 2018-ին հասարակական կազմակերպությունները հրապարակել էին «ՀՀ-ում ժողովրդավարության վերականգնման ճանապարհային քարտեզը» փաստաթուղթը, որը, հաշվի առնելով այլ երկների փորձն ու խնդիրները, համալիր և համակարգային մոտեցումներ էր առաջարկում։

ՀԿ-ների առաջարկը ենթադրում էր մի շարք քայլեր իրականացնել՝ այդ թվում նոր սահմանադրութան ընդունում, առկա համակարգի մաքրում, ինչպես նաև հատուկ հանձաժողովի ստեղծում, որը պետք է հավաքագրեր պետության զավթման ժամանակահատվածում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ վկայություններ։ Ներկայացված այս առաջարկները փաստացի չեն ընդունվել և չեն իրականացվել։

«Սրանք ելակետային գործողություններ էին, որոնցից հետո միայն բարեվարքության մեխանիզմը կունենար իր արդյունավետությունը, քանի որ վեթինգով նախատեսված խնդիրները ներկացված այս մեխանիզմով չեն կարող լուծվել»,- ասում է Սաքունցը։

Իրավապաշտպանները և քաղհասարակության ներկայացուցիչները միակարծիք են, որ դատական համակարգը խնդիրները միայն նոր և բարեխիղճ դատավորներով համալրմամբ վերջնականապես չեն լուծվել։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը նաև խնդիր է տեսնում նոր կադրերի պատրաստման գործընթացում։

«Կա մի շղթա, որը պատրաստում է իրավագետ և իրավաբան մեր երկրում և այդ շղթան ունի հսկայական թերություններ։ Մենք ունենք խնդիրներ մեր իրավագիտության ֆակուլտետների հետ տարբեր համալսարաններում և խորքային բարեփոխման կարիք ունի նաև արդարադատության ակադեմիան այն իմաստով, որ արդյոք այդ կառույցները տալի՞ս են այն ծրագրերը, որպեսզի ստացվեն պատրաստի, բարեվարք դատավորներ»,- ասում է Խաչատրյանը։

Խաչատրայնը նաև մատնանշում է խոստացված կոշտ մեթոդների և իրականացվող գործընթացների անհամապատասխանությունը։ Ըստ նրա՝ ԿԿՀ-ն չունի անհրաժեշտ բոլոր լծակները, ռեսուրսները և կարողությունները, որ կատարի բարեվարքության ստուգումը համապատասխան մակարդակով։

Քաղհասարակությունը բարձրացնում են վերջնական որոշում կայացնող մարմինների՝ այդ թվում ԲԴԽ-ի անաչառության և անկախության հարցը։

Մասնագիտական հանրությունը բարեվարքության ստուգման վերաբերյալ նախարարության նոր նախագծով առաջարկվող մեխանիզմներում ևս խնդիրներ է տեսնում։

«Եթե Հայաստանի դեպքում նման լիազորությունը տրվելու է երեք համակարգերում գործող կարգապահական հանձնաժողովներին, ապա այստեղ ակնհայտ է, որ օբյետիվության և անկախության լուրջ խնդիր կարող է առաջանալ՝ կորպորատիվ շահի պաշտպանությունից ելնելով, ինչպես նաև երեք համակարգերում էլ կարգապահական վարույթների նախաձեռնման թափանցիկության և հանրային հաշվետվողականության խիստ սահմանափակվածությամբ պայմանավորված»,- նշված է առաջարկներում։

Ըստ այդմ, նրանք առաջարկում են, որ օրենսդրական փոփոխություններով ապահովվի, որ բոլոր համակարգերի կարգապահական հանձնաժողովներում ներգրավված լինեն բավարար համամասնությամբ համակարգից դուրս անդամներ (ոչ դատավոր), որոնք կառաջադրվեն հասարակական կազմակերպությունների կողմից։

Քաղհասարակության ներկայացուցիչներն այս բարեփոխման հաջողության և արդյունավետության երաշխիքներից մեկը նշում են արդյունավետ բողոքարկման մեխանիզմների առկայությունը և առաջարկում են նախատեսել երեք համակարգերում կարգապահական վարույթների արդյունքում կայացված որոշումների արդյունավետ բողոքարկման մեխանիզմներ։

Բացի այդ, ՀԿ-ներն առաջարկում են, որ նախագծով ապահովվի ԿԿՀ-ի կողմից տրվող բարեվարքության ընթացիկ ուսումնասիրությունների հրապարակայնությունը՝ բացառությամբ անձի խիստ անձնական զգայուն հարցերին վերաբերող տեղեկությունների։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հասմիկ Տիգրանյանը վստահեցնում է, որ ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում՝ նախագիծն ամռան ավարտին Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու համար։

Հեղափոխությունից հինգ տարի անց էլ դատարանները «խնդրահարույց» դատավորներից մաքրելու իշխանության խոստումները մնում են անկատար։ Ներդրվող մեխանիզմների արդյունավետությունը ևս կասկածի տակ է, քանի որ որոշ դեպքերում, չնայած բացասական եզրակացություններին, անձինք նշանակվում են պաշտոնին։ Եվ ինչպես նշում են քաղհասարակության ներկայացուցիչները՝ առկախված է մնում նաև որոշում ընդունող մարմինների անկախության և օբյեկտիվության հարցը, որի լուծման ուղղությամբ այս պահին որևէ գործողություններ չեն նշմարվում։

Մեկնաբանել