Ազատան համայնքում գործարկվել է գյուղատնտեսական սպասարկման կենտրոն

Այսօր Շիրակի մարզի Ազատան համայնքում գործարկվել է «Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն»-ը: Այն ստեղծվել է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից և որպես մասնավորի ու պետականի համադրման արդյունավետ օրինակ, երկրորդն է նույն հիմնադրամի կողմից Սյունիքի մարզի Սառնակունք համայնքում ստեղծված և արդեն դրական արդյունքներ գրանցած կենտրոնից հետո:

Կենտրոնի բացմանը ներկա է եղել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Շնորհավորելով ազատանցիներին հիանալի նվերի համար, նա մասնավորապես նշել է. «Այն հասանելի կդարձնի մասնագիտական տեղեկատվությունը, կապահովի անասնաբուժական ծառայությունների բարձր մակարդակը ամբողջ տարվա ընթացքում, կխթանի ճյուղի գործունեությունն ու զարգացումը տարածաշրջանում»:

Արդեն սեպտեմբերի վերջին նորաստեղծ կենտրոնն անասնապահությամբ զբաղվող տեղի ֆերմերներին կառաջարկի անասնաբուժական սպասարկման՝ հիվանդությունների կանխարգելման և բուժման, արհեստական սերմնավորման ծառայություններ, անասնաբուժական և անասնապահական սարքավորումներ ու պարագաներ, կկազմակերպի խորհրդակցություններ ու ուսուցողական դասընթացներ:

Սկզբնական շրջանում այն կսպասարկվի մարզի 10-15 ամենակտիվ անասնաբույժների կողմից: Այնուհետև ծրագրի իրականացման գործընթացի ապահովման համար , նրանք կստեղծեն իրենց միությունը, որը կհամախմբի այլ անասնաբույծների նույնպես:

Նման կենտրոնների հիմնման և վերջիններիս հիմքի վրա միությունների ստեղծման աշխատանքները շարունակական են լինելու: Առաջիկայում հանրապետության մյուս մարզերը նույնպես կընդգրկվեն նշված ծրագրում:

Մեկնաբանել