Պետք է նախապես հոգալ, որ հեղափոխությամբ եկածները չվերածվեն հրեշների. Ժ.Սեֆիլյան

«Գլխավորը երկրեն ներս սոցիալ-արդար վիճակի ստեղծումն է` օլիգարխիայի վերացումը` և ոչ միայն քրիմինալ օլիգարխիայի»,- այսօր «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում նշեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Այս խնդիրները լուծելու համար, ըստ նրա, ներքին հեղափոխություն է պետք, քանի որ միայն արժեհամակարգի փոփոխությունից հետո է դա հնարավոր լինելու:

«Բոլոր սերունդները իրենց դերակատարություններն ունեն, բայց այս սերունդն իր գործը կիսատ է կատարել: Արցախի գործը արել է` կիսատ է արել, իսկ երկիրը կերտելու գործում ձախողվել է»,- ասաց Սեֆիլյանը:

Ըստ նրա` մեր երկիրը տարիներ շարունակ զավթված է մնում մի խումբ մարդկանց կողմից, ովքեր իրենց գործունեության համար նպաստավոր պայմաններ են ստեղծում մի խաղալիքի միջոցով, որի անունն է ընտրություն: «Եթե նայենք, թե այսօր նախագահի աթոռը զավթած անձը կամ առանձին կուսակցապետերը ինչ նպատակներ են դրել իրենց առաջ, կտեսնենք, որ դրանք հիմնականում անձնական նպատակներ են»,- նշեց Սեֆիլյանը: Իր դիտարկմամբ` այս իրավիճակում անհրաժեշտ է ոչ միայն յուրաքանչյուր քաղաքացու ներսում արժեհամակարգի փոփոխության հասնել, այլև` որոշակի անձանց փոփոխության հասնել: Նա վստահ է, որ առանձին ջանք պետք չէ գործադրել այս համակարգի փլուզման համար, քանի որ այն արդեն իսկ ինքնափլուզման գործընթացում է, խնդիրը միայն փլատակների տակ չմնալն է: Դրա համար Սեֆիլյանն առաջարկում է քաղաքական նոր մշակույթի կիրառմամբ ստեղծել կառավարման նոր համակարգեր, առաջ քաշել այն պատասխանատու մարդկանց, ովքեր կարող են ներմուծել քաղաքական այդ նոր մշակույթը:

«Այսօրվանից մենք պիտի ստեղծենք այն մեխանիզմները, որ այնպես չլինի, ինչպես հայտնի ասույթում, որպեսզի հեղափոխության արդյունքում եկածները չվերածվեն հրեշների»,- ասաց նա:

Սեֆիլյանը վստահ է, որ լավ տնտեսություն ունենալու համար բնական պաշարների վրա հույս դնել բնավ պետք չէ: «Ես չեմ կարծում, թե պիտի ասենք, որ Ադրբեջանը ունի նավթ, և առաջ է գնալու, իսկ մենք չունենք զարգանալու հնարավորություն: Ես հորդորում եմ մանավանդ երիտասարդներին տուրք չտալ այդ կարծիքին: Ես կարծում եմ, որ հայ ժողովրդի ներուժը բավական մեծ է, և այդ ներուժին պետք է տալ համապատասխան կազմակերպվածք` դա լինի հայրենաբնակ ներուժին, թե` աշխարհով մեկ սփռված»,- ասաց նա:

Նա վստահ է նաև, որ արցախյան հիմնախնդրի հետևում թաքչելը` կառավարման ինստիտուտների չկայացումն արդարացնելու համար, անհիմն է: «Բոլորովին կապ չունի Արցախի խնդիրը մեր ներքին խնդիրների հետ. ընդհակառակը, ես կարծում եմ, որ Արցախի խնդիրը արդեն լուծված է: Ռեսուրսնե՞ր են ծախսվում: Բանակը միշտ էլ պետք է պահենք և ավելի լավ պիտի պահենք, ավելի շատ պիտի ծախսենք: Մինչդեռ այսօր իշխանությունը բանակը չի պահում սահմանների համար, այլ` ներքին ճնշումների»,- նշեց նա:

Իր դիտարկմամբ` այսօրվանից է պետք նախագծել այն ուղին, որով պիտի իրականանա մեծ փոփոխությունը, և թե ինչպես պետք է այն զարգանա: «Այս համակարգը, որ շատ խեղճ է ու թույլ երբեք չի կարողանա դիմանալ մեր ժողովրդի հավաքական ուժին»,- հավաստեց Սեֆիլյանը:

Մեկնաբանել