Խլել են ՍիվիլՆեթի լրագրողի հեռախոսը Ստեփանակերտում ցույց լուսաբանելիս (լրացված)

ՍիվիլՆեթի արցախյան թիմի լրագրող Հայկ Ղազարյանից խլել են հեռախոսը, երբ նա նկարահանում էր Ստեփանակերտում տեղի ունեցող ցույցը։

Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան։ Հայկ Ղազարյանը լուսաբանում էր Արցախի դատախազության առջև տեղի ունեցող բողոքի ցույցը։ Ցուցարարները հավաքվել էին իրենց բողոքը հայտնելու, որ փաստաբաններին չեն թույլատրում տեսակցել իրենց պաշտպանյալ կալանավոր Արման Իսրայելյանին։

Երբ իրարանցում է սկսվել ոստիկանության և ցուցարարների մասնակիցների միջև, ինչը հեռախոսով նկարահանելիս է եղել Հայկ Ղազարյանը, քաղաքացիական հագուստով մի անձ նրանից խլել է հեռախոսը։ Լրագրողը խնդրել է ներկայանալ, բայց նա չի ներկայացել և առանց հեռախոսը վերադարձնելու հեռացել է։

Ուրբաթ երեկոյան Ստեփանակերտում Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց կրկին բողոքի ցույց էր եղել կալանավորված Արման Իսրայելյանի համար։ Հարազատները պնդում են, որ նրա նկատմամբ բռնություն են գործադրել, սակայն փաստաբաններին թույլ չեն տալիս տեսակցել իրենց պաշտպանյալին։

Արմանը Իսայելյանը մեղադրվում է լրտեսության եղանակով պետական դավաճանության մեջ, ինչը, ըստ փաստաբանների, պետական դավաճանություն համարվել չի կարող: Նրա փաստաբանն ասել է, որ Իսրայելյանին ձերբակալել են մոտ երկու ամիս առաջ, հիմա նա կալանավորված է, բայց ԱԱԾ-ն չունի կալանավորների պահման վայր. «Ուստի այստեղ մարդիկ ապօրինի են պահվում: Այստեղ ձերբակալվածների վայր է, երեք օրից ավելի չեն կարող պահել: Կալանավորները պետք է պահվեն քննչական մեկուսարանում»:

Արման Իսրայելյանն աշխատել է Արցախում ականազերծմամբ զբաղվող The Halo Trust կազմակերպությունում, ապա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղի գրասենյակում։

Տե՛ս նաև՝ Արցախ. փաստաբաններն ահազանգում են՝ ԱԱԾ-ն չի թույլատրում տեսակցել իրենց պաշտպանյալին

ԼՐԱՑՈՒՄ

Հայկ Ղազարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ դիմել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանին, խնդիրը լուծվել է՝ հեռախոսը վերադարձրել են, սակայն իր նկարած տեսանյութը ջնջել են։
Ըստ Ղազարյանի՝ հեռախոսը խլողը Քրեական հետախուզության վարչության պետ Արայիկ Գասպարյանն է։ Նա ոստիկանությունում փաստարկ է բերել, թե իբր լրագրողի վկայականը չի նկատել, քանի որ եղել է շալվարի գույնի։

Մեկնաբանել