ՔՊ-ն ներկայացրել է Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախագիծ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծ։ Այդ մասին տեղեկանում ենք խորհրդարանի պաշոտանական կայքից։

2023-ի ապրիլի 20-ին ԱԺ-ում «ՀՀ կառավարության ծրագրի 2022-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ամբիոնից իր ելույթի վերջում հայտարարեց, որ իրականացնում է քաղաքական ակցիա, ի նշան բողոքի չի հեռանալու ԱԺ ամբիոնից: ԱԺ նախագահը ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին:

Միջադեպից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել էր, որ նախաձեռնելու է մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց:

***

2022-ի հուլիսի 1-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ, գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին ու տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին զրկեց խորհրդարանում զբաղեցրած պաշտոններից։ Սաղաթելյանի ու Հակոբյանի պաշտոնանկության համար հիմք է հանդիսացել մեկ նստաշրջանից ընթացքում նրանց կողմից բացակայությունների մեծ թիվը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը 2022-ի մայիսի 2-ից փողոցային պայքար էր սկսել։ Ընդդիմադիրները նստացույց էին սկսել Ֆրանսիայի հրապարակում, անհնազանդության ակցիաներ և հանրահավաքներ էին իրականացնում Երևանում և մարզերում։ Հունիսի 14-ին «Դիմադրություն» շարժումը հայտարարել էր նստացույցի դադարեցման մասին, բայց դրանից հետո էլ տևական ժամանակ ընդդիմությունը չէր վերադառնում խորհրդարան։

Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելուց հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարական էր ներկայացրել տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Ութերորդ գումարման Ազգային ժողովում ընդդիմության ներկայացուցիչները ղեկավարում էին երեք հանձնաժողով։ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն է, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը՝ «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գևորգյանը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը՝ Վահե Հակոբյանը՝ կրկին «Հայաստան» խմբակցությունից։ Ընդդիմության ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանն էլ զբաղեցնում էր ԱԺ փոխնախագահի պաշտոնը։

Մեկնաբանել