Գուրգեն Մարգարյանն այսօր կդառնար 34 տարեկան

Հայ սպա Գուրգեն Մարգարյանը ծնվել է 1978թ. սեպտեմբերի 26-ին Երևանում: Կրթվել է սկզբում թիվ 122 դպրոցում, հետո` Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում, ուր ստացել է բակալավրի աստիճան: Պարտադիր զինծառայության ավարտին Մարգարյանը որոշել է Հայաստանի հանրապետության զինուժում շարունակել իր ծառայությունը` որպես սպա:

2004թ. հունվարի 11-ին նա Հունգարիա է մեկնել` ՆԱՏՕ-ի խաղաղարար գործընկերության շրջանակում անգլերենի եռամսյա դասընթացներին մասնակցելու: Փետրվարի 19-ին քնած Մարգարյանի սենյակն է մտել նույն դասընթացի մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը և կացնահարելով սպանել նրան: Մարգարյանի հետ նույն սենյակում ապրող հունգարացի սպա Բալաց Կուտին հարցաքննությունների ժամանակ նշել է, որ ինքը փետրվարի 18-ին թեյ էր խմել ու շուտ պառկել քնելու, քանի որ ջերմում էր, մինչդեռ Մարգարյանը շարունակում էր պարապել: 9:30-ի մոտ Մարգարյանը դուրս է եկել մյուս հայ սպային` Հայկ Մակուչյանին այցելելու. վերջինս կողքի սենյակում էր մնում:

Կուտին չի հիշել, թե Մարգարյանը երբ է վերադարձել, սակայն վաղ առավոտյան զգացել է, որ ինչ-որ մեկը լույսն է վառում: Մտածել է, թե Գուրգենն է վերադարձել, բայց հետո լսել է տարօրինակ ձայներ, շրջվել է ու տեսել Սաֆարովին` կանգնած Մարգարյանի մոտ` կացինը ձեռքին: «Այդ պահին ես հասկացա, որ ինչ-որ ահավոր բան է տեղի ունեցել, քանի որ շուրջբոլորն արյուն էր: Ես սկսեցի գոռալ, որ ադրբեջանցին դադարեցնի: Իսկ նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ ձեռք չի տա, ևս մի քանի անգամ հարվածեց Գուրգենին ու հեռացավ: Նրա դեմքի արտահայտությունից կարելի էր մտածել, որ ուրախ է, որ ինչ-որ կարևոր բան է արել»,- պատմել է նա:

Փորձաքննությունը ցույց է տվել, որ Սաֆարովը կացնի տասնվեց հարվածով Գուրգեն Մարգարյանի գլուխը բաժանել էր մարմնից: Մարգարյանից հետո Սաֆարովը փորձել էր սպանել նաև Մակուչյանին, սակայն չէր հաջողել, քանի որ վերջինիս դուռը փակ էր եղել, և իր առաջ չէին բացել: Ոստիկանության գնահատմամբ` մարդասպանը գործել էր «արտասովոր դաժանությամբ»:

2006թ. ապրիլի 16-ին Հունգարիայի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման` մինչև 2036թ. առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի վերջին Հունգարիայի իշխանությունները որոշեցին արտահանձնել Սաֆարովին, որպեսզի նա Ադրբեջանում շարունակի կրել իր պատիժը: Սակայն դեռ օդակայանում Ադրբեջանի ղեկավարությունը Սաֆարովին դիմավորեց դափնիներով, ներում շնորհեց, բարձրացրեց զինվորական կոչումը:

Հայաստանում և աշխարհի հայկական գաղութներում ծավալվեց բողոքի ալիք: Հայաստանի իշխանությունները կասեցրին Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: Բազմաթիվ երկրների իշխանություններից, միջազգային կազմակերպություններից ստացվեցին Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտող հաղորդագրություններ, հայկական սփյուռքը և պաշտոնատար անձինք մինչ օրս միջազգային դատապարտությունն են պահանջում մարդասպանին հերոսացնելու անբարո քաղաքականության համար, պահանջում են ոչ միայն դատապարտող հայտարարություններով դիրքորոշում հայտնել, այլ միջազգային պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական հակահայ ու ռասիստական ռեժիմի դեմ:

Հայ սպա Գուրգեն Մարգարյանի դին ամփոփված է Եռաբլուրում: Այսօր նրա շիրիմին այցելության են գալու հայոց երկրի ու աշխարհի բոլոր կողմերից` պաշտոնյաներ ու զինվորականներ, ՀՀ քաղաքացիներ ու աշխարհասփյուռ հայեր` մարդիկ, ում հոգին փոթորկել է խիզախ ու բարեսիրտ հայորդու զարհուրելի մահը, ում հոգին ցասումից վառվել է մարդասպանի հերոսացման մասին լուրերն ստանալիս: Դեպի Եռաբլուր` կազմակերպված է երթ:

Մեկնաբանել