ԱՊՊԱ-ի ոլորտում վնասաբերության մակարդակը մոտենում է կրիտիկականին

ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների հատուցումների ցուցանիշը թեև փոքր է սակագնի հաշվարկման հիմքում դրվածից, այն կրկին մոտեցել է «կրիտիկական» մակարդակի։ Ընթացիկ տարվա ութ ամիսներին ապահովագրական ընկերությունները հավաքագրված յուրաքանչյուր ֌100-ից հատուցմանն են ուղղել ֌70-ը։ Սակագնի հիմքում ֌78-ն է։

Օգոստոսին ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակն ավելացել է միանգամից 16 հազ-ով (մոտ 5%-ով)՝ ամսվա վերջին կազմելով 364,7 հազ.։ Այդուհանդերձ, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առնվազն 8,3 հազ. ավտոմեքենա ԱՊՊԱ պայմանագիր չունի (2011թ. օգոստոսի վերջին ԱՊՊԱ պայմանագրերի թիվը կազմել է 373 հազ.)։

Օգոստոսին կնքվել են հիմնականում երկարաժամկետ պայմանագրեր (մեկ տարվա)։ Ամեն դեպքում, ապահովագրական ընկերությունների պորտֆելում շարունակում են շոշափելի մասնաբաժին ունենալ կարճաժամկետները։ Ավտոապահովագրողների բյուրոյի վիճակագրական տվյալներից երևում է, որ օգոստոսին ԱՊՊԱ պայմանագրի միջին սակագինը կազմել է ֌48,6 հազ.։ Ցուցանիշը խոսում է այն մասին, որ մեկ տարվա պայմանագրեր են կնքել հիմնականում 141-ից ավելի ձիաուժ շարժիչի հզորությամբ ավտոմեքենաների սեփականատերերը։

Անկախ օգոստոսյան տվյալներից՝ այս տարվա ութ ամիսներին ԱՊՊԱ պայմանագրի միջին սակագինը կազմել է ֌32,2 հազ., այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը ֌35,2 հազ. էր։

Օգոստոսին հատուցման համար ներկայացված դիմումների քանակը, համեմատ նախորդ ամիսների միջին ցուցանիշի, մնացել է գրեթե անփոփոխ (հունվար-հուլիսին՝ ամսական միջինը 3,5 հազ. դիմում, հունվար-օգոստոսին՝ 3,49 հազ.):

Օգոստոսին բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է ֌845 մլն, միջին հատուցման գումարը ֌233,8 հազ. է, ինչը նախորդ ամսվա համեմատ ավելի է մոտ ֌18 հազ-ով։ Ութ ամիսներին հատուցման միջին գումարը կազմել է ֌213,5 հազ., ինչը ֌1000-ով է ավելի անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Թեև այս հունվար-օգոստոսին ԱՊՊԱ միջին սակագինը մնացել է նույն մակարդակում, անցած տարի ավելացել է ամսական կտրվածքով հատուցման ուղղվող միջին գումարի չափը։ Սա, ըստ ապահովագրական ընկերությունների, պայմանավորված է մարմնական վնասների հատուցումների քանակի աճով։

Չնայած օգոստոսին արձանագրված որոշ դրական միտումների՝ հօգուտ ապահովագրական ընկերությունների, նրանց գործերը չեն «լավացել»։ Հատուցումների «խոշորացմամբ», ինչպես նաև վնասաբերության հաշվարկում ներառվող մի քանի այլ ցուցանիշների փոփոխությամբ պայմանավորված՝ աճել է վնասաբերության ցուցանիշը՝ նախկին 66%-ի փոխարեն դառնալով 70%: Սա նշանակում է, որ եթե յոթ ամիսներին հավաքագրված յուրաքանչյուր ֌100-ից ապահովագրական ընկերությունները հատուցմանն են ուղղել ֌66-ը, ապա ութ ամիսների կտրվածքով այդ գումարը կազմել է ֌70։

Ստացվում է, որ մայիսից վնասաբերության մակարդակի նվազման միտումներն օգոստոսին կանգ են առել, և վնասաբերությունն ամենայն հավանականությամբ շարունակելու է աճել՝ հաշվի առնելով սեզոնայնության գործոնը։ Նշենք, որ յոթ ամիսներին վնասաբերությունը կազմել է 66%, հինգ և վեց ամիսներին՝ 69%, չորս ամիսներին՝ 78%, առաջին եռամսյակում՝ 76%։

ԱՊՊԱ սակագների հիմքում դրված է հատուցման ֌78 ցուցանիշը, և այս տեսակետից ապահովագրական ընկերություններն առայժմ խնդիրներ չունեն։ Սակայն ոլորտի պատասխանատուները (մասնավորապես՝ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը) նշում են, որ վնասաբերության 70%-ն արդեն իսկ կրիտիկական ցուցանիշ է, իսկ սակագնի հիմքում դրված 78%-ը հաշվարկային է, այն չի ներառում գործնականում իրականացվող մի շարք ծախսեր։

Հայաստանում ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացը հիմնականում բաժին է ընկնում նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին։ Սա նշանակում է, որ մյուս ամիսներին ապահովագրական ընկերությունների գրասենյակները թերբեռնված են, բայց իրականացվում են ծախսեր, որոնք հաշվարկներում չեն ներառվել։ Բացի այդ՝ անտեսվել է հանգամանքը, որ ավտոմեքենաների որոշակի քանակ ԱՊՊԱ պայմանագիր չի ունենա։