Արցախի ուժային կառույցներին հորդորում ենք չխոչընդոտել ՍիվիլՆեթի թղթակցի աշխատանքը

ՍիվիլՆեթի արցախյան թղթակից Հայկ Ղազարյանը հուլիսի 8-ին և 9-ին լուսաբանել է Արցախի ԱԱԾ-ի և Դատախազության առջև տեղի ունեցող բողոքի ակցիաները։ Փաստաբաններ Ռոման Երիցյանը և Ռաֆայել Ջհանգիրյանը գտնում են, որ խախտվել է փաստաբանի մասնագիտական իրավունքը՝ չեն թույլատրում տեսակցել իրենց պաշտպանյալ Արման Իսրայելյանին։

Հուլիսի 9-ին Արման Իսրայելյանի փաստաբանների և նրա հարազատների և ծնողների բողոքի ակցիան տեղափոխվեց Դատախազության շենքի առջև, որտեղ ավելի ուշ բախում եղավ Իսրայելյանի փաստաբանների ու ոստիկանների միջև։ Բախման ըթնացքում ոստիկաններից մեկը, քաջատեղյակ լինելով Հայկ Ղազարյանի՝ լրագրող լինելու փաստի մասին (լրագրողը կրել է համապատասխան լրագրողական բեյջ տեսանելի վայրում), խլել է նրա հեռախոսը, որով տեսալուսանկարահանվում էր ակցիան։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի միջամտությունից հետո Հայկ Ղազարյանը Արցախի ոստիկանությունից ստացել է հեռախոսը, որից արդեն հեռացված էին բողոքի ակցիայի ժամանակ արված տեսանյութերը (լրագրողի հեռախոսը միանգամից չեն տվել, այլ ոստիկանություն այցելելուց հետո 20-30 րոպե անց)։ Ղազարյանը պարզել է, որ հեռախոսը խլողը Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ, գնդապետ Արայիկ Գասպարյանն է։ Վերջինս ոչ արժանահավատ հիմնավորումներ է ներկայացրել հեռախոսը խլելու գործողության հետ կապված։

Միջադեպից հետո լրագրողը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել է տեղի ունեցածն ու միջադեպի վերաբերյալ պարզաբանումներ պահանջել ոստիկանությունից, ներքին գործերի նախարարից։ Հաջորդ օրը ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանին հրավիրել են Արցախի ԱԱԾ, որի ղեկավար Արարատ Մելքումյանը կոշտ և սպառնալից տոնով է խոսել նրա հետ, պահանջել է ուղիղ եթերով ներողություն խնդրել ներքին գործերի նախարարության և ԱԱԾ ծառայողներից։

Արցախի ուժային կառույցները խոչընդոտում են ՍիվիլՆեթի արցախյան թղթակցի մասնագիտական գործունեությունը, նա ենթարկվում է ճնշման։ Ուժային կառույցների ղեկավարներին հորդորում ենք անհապաղ դադարեցնել օրինականության սահմանները հատած այս գործողություններն ու զբաղվել շրջափակման պայմաններում իրենց գործունեության հետ կապված աշխատանքներով։

ՍԻՎԻԼՆԵԹ

Մեկնաբանել