Լրագրողի գործունեությանը խոչընդոտելը խիստ անընդունելի է. Արցախի ՄԻՊ-ը՝ ՍիվիլՆեթի թղթակցին առնչվող միջադեպի մասին

Արցախի մարդու իրավունքների պաշտապան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել ՍիվիլՆեթի արցախյան թղթակից Հայկ Ղազարյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է դիմել ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ ԱՀ դատախազության շենքի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ ԱՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողն իրենից ապօրինաբար խլել է բջջային հեռախոսը՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությանը և մինչ բողոք ներկայացնելու պահը, հեռախոսը իրեն չեն վերադարձրել:

Պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հեռախոսը վերադարձվել է Հայկ Ղազայանին, որը, ստուգելով հեռախոսի պարունակությունը, հայտնել է, որ Ոստիկանության ծառայողը հեռախոսից ջնջել է հավաքի վերաբերյալ կատարված տեսաձայնագրությունները, որոնցում արձանագրված էին նաև նույն օրը ԱՀ դատախազության շենքի դիմացից փաստաբաններին բերման ենթարկելու ժամանակ ոստիկանության ծառայողների գործողությունները: Հարկ է նշել, որ ոստիկանության համապատասխան ծառայողը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին հայտնել է, որ ինքը չի իմացել, որ Հայկ Ղազարյանը լրագրող է, չի տեսել նրա տարբերակիչ նշանը, իսկ այդ մասին իմանալուն պես անմիջապես ցուցում է տվել իր ծառայողների հեռախոսը վերադարձնել տիրոջը։

Հուլիսի 11֊ին ՍիվիլՆեթ լրատվական կայքում հրապարակված «Արցախի ուժային կառույցներին հորդորում ենք չխոչընդոտել ՍիվիլՆեթի թղթակցի աշխատանքը» վերտառությամբ նյութում բարձրաձայվել է այն մասին, որ հուլիսի 10-ին ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանին հրավիրել են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, որտեղ և սպառնալիքներ են հնչեցրել լրագրողի հասցեին։

Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծում է. լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը խիստ անընդունելի և դատապարտելի է։

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից համապատասխան գրություններ կհասցեագրվեն ԱՀ գլխավոր դատախազություն և ԱՀ ներքին գործերի նախարարություն հավաքագրված նյութերի հետ միասին՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով»,- ասված է հայտարարությունում։

***

ՍիվիլՆեթի արցախյան թղթակից Հայկ Ղազարյանը հուլիսի 8-ին և 9-ին լուսաբանել է Արցախի ԱԱԾ-ի և Դատախազության առջև տեղի ունեցող բողոքի ակցիաները։ Փաստաբաններ Ռոման Երիցյանը և Ռաֆայել Ջհանգիրյանը գտնում են, որ խախտվել է փաստաբանի մասնագիտական իրավունքը՝ չեն թույլատրում տեսակցել իրենց պաշտպանյալ Արման Իսրայելյանին։

Հուլիսի 9-ին Արման Իսրայելյանի փաստաբանների և նրա հարազատների և ծնողների բողոքի ակցիան տեղափոխվեց Դատախազության շենքի առջև, որտեղ ավելի ուշ բախում եղավ Իսրայելյանի փաստաբանների ու ոստիկանների միջև։ Բախման ըթնացքում ոստիկաններից մեկը, քաջատեղյակ լինելով Հայկ Ղազարյանի՝ լրագրող լինելու փաստի մասին (լրագրողը կրել է համապատասխան լրագրողական բեյջ տեսանելի վայրում), խլել է նրա հեռախոսը, որով տեսալուսանկարահանվում էր ակցիան։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի միջամտությունից հետո Հայկ Ղազարյանը Արցախի ոստիկանությունից ստացել է հեռախոսը, որից արդեն հեռացված էին բողոքի ակցիայի ժամանակ արված տեսանյութերը (լրագրողի հեռախոսը միանգամից չեն տվել, այլ ոստիկանություն այցելելուց հետո 20-30 րոպե անց)։ Ղազարյանը պարզել է, որ հեռախոսը խլողը Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ, գնդապետ Արայիկ Գասպարյանն է։ Վերջինս ոչ արժանահավատ հիմնավորումներ է ներկայացրել հեռախոսը խլելու գործողության հետ կապված։

Միջադեպից հետո լրագրողը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել է տեղի ունեցածն ու միջադեպի վերաբերյալ պարզաբանումներ պահանջել ոստիկանությունից, ներքին գործերի նախարարից։ Հաջորդ օրը ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանին հրավիրել են Արցախի ԱԱԾ, որի ղեկավար Արարատ Մելքումյանը կոշտ և սպառնալից տոնով է խոսել նրա հետ, պահանջել է ուղիղ եթերով ներողություն խնդրել ներքին գործերի նախարարության և ԱԱԾ ծառայողներից։

Արցախի ուժային կառույցները խոչընդոտում են ՍիվիլՆեթի արցախյան թղթակցի մասնագիտական գործունեությունը, նա ենթարկվում է ճնշման։ Ուժային կառույցների ղեկավարներին հորդորում ենք անհապաղ դադարեցնել օրինականության սահմանները հատած այս գործողություններն ու զբաղվել շրջափակման պայմաններում իրենց գործունեության հետ կապված աշխատանքներով։

Մեկնաբանել