1918թ. մայիսի 26-ին Վրաստանը, իսկ երկու օր անց՝ Հայաստանը հռչակեցին իրենց անկախությունը: Արդեն 1919թ. փետրվարին վարչապետական կառավարում ունեցող հանրապետությունը անցկացրեց Վրաստանի Առաջին Հանրապետության առաջին և վերջին խորհրդարանական ընտրությունները, որոնցում ջախջախիչ հաղթանակ տարան սոցիալ-դեմոկրատները՝ մենշևիկները, ընդհանուր քվեների ավելի քան 80 տոկոսը կամ 109 տեղ՝ 130-հոգանոց խորհրդարանում: 1921թ. փետրվարին ռուսական Կարմիր բանակը խորհրդայնացրեց Վրաստանը:
1980-ական թթ. վերջերից Խորհրդային Վրաստանը Հայաստանի և բալթյան երեք երկրների հետ միասին անկախության ձգտող միութենական հանրապետություններից էր: 1990թ. աշնանը Խորհրդային Վրաստանն անցկացրեց առաջին ազատ խորհրդարանական ընտրությունները, որոնցում տպավորիչ հաղթանակ տարավ առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի «Կլոր սեղան-ազատ Վրաստան» միավորումը՝ զբաղեցնելով 250 աթոռներից 155-ը: Վրացի կոմունիստները ստացել էին ավելի քան 60 տեղ: Գամսախուրդիան ընտրվեց խորհրդարանի նախագահ և փաստացի երկրի առաջնորդ: Հայաստանում առաջին ազատ խորհրդարանական ընտրություններն անցկացվել էին 1990թ. գարնանը, իսկ նույն տարվա օգոստոսի 4-ին խորհրդարանի նախագահ էր ընտրվել և երկրի փաստացի առաջնորդ դարձել Լևոն Տեր-Պետրոսյանը:
1991թ. Վրաստանում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որոնցում ջախջախիչ հաղթանակ տարավ Գամսախուրդիան՝ ստանալով քվեների գրեթե 88 տոկոսը: Սակայն կարճ ժամանակ անց, երբ 1992թ. հունվարին Վրաստանում իրականացվեց ռազմական հեղաշրջում, Գամսախուրդիան ստիպված եղավ փախչել երկրից և ապաստան գտավ Հայաստանում, ապա Չեչնիայում, իսկ 1993թ. վերջին օրերին սպանվեց Արևմտյան Վրաստանի անտառներում:
«Օրենքով գող» Ջաբա Իոսելիանիի և չկայացած նկարիչ Թենգիզ Կիտովանիի ռազմական խմբավորումների օգնությամբ իշխանության եկավ Խորհրդային Վրաստանի երկար տարիների նախկին առաջնորդ և ԽՍՀՄ վերջին արտգործնախարարներից Էդուարդ Շևարդնաձեն, որը 1992թ. աշնանը կազմակերպեց խորհրդարանական ընտրություններ և ապահովեց իր կողմնակիցների հաղթանակը այդ ընտրություններում: Շևարդնաձեն ստանձնեց նաև երկրի նախագահի լիազորությունները և ավելի քան տասը տարի ղեկավարեց երկիրը. 2003թ. աշնանը Վարդերի հեղափոխության արդյունքում նա հրաժարական տվեց:
1995թ. նախագահական ընտրություններում Շևարդնաձեն ստացավ քվեների 77 տոկոսը, իսկ 2000թ.՝ 82 տոկոսը: Բնականաբար, միջազգային հանրությունը կասկածի տակ դրեց նախագահական երկու ընտրությունների արդյունքները՝ հաշվի առնելով նաև Շևարդնաձեի ժողովրդավարություն չվայելելը վրաց հասարակության լայն շրջանակներում: Այդ տարիներին արևմտյան մամուլը Վրաստանի համար օգտագործում էր failed state, այսինքն՝ «ձախողված պետություն» որակումը:
Շևարդնաձեի նախագահության տարիներին անցկացվել են խորհրդարանական երեք ընտրություններ՝ 1995թ., 1999թ. և 2003թ.: Առաջին երկուսում՝ 1995թ. և 1999թ. Շևարդնաձեի գլխավորած «Վրաստանի քաղաքացիների միություն» կուսակցությունը նկատելի առավելությամբ հաղթեց մյուս քաղաքական ուժերին: Միջազգային կազմակերպություններն այդ ընտրությունները համարեցին «ոչ ազատ և ոչ արդար»: 2003թ. նոյեմբերի խորհրդարանական ընտրություններում ևս հաղթանակ տարավ Շևարդնաձեի ղեկավարած «Հանուն նոր Վրաստանի» ուժը: Երկրորդ տեղում Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեի «Վերածնունդն» էր: Սակայն ընտրություններից անմիջապես հետո Շևարդնաձեի նախկին թիմակիցներ Միխեիլ Սաակաշվիլին, Զուրաբ Ժվանիան (որը մահացավ գազի թունավորումից, այլ վարկածով՝ սպանվեց է 2005թ. փետրվարին) և Նինո Բուրջանաձեն (որը տարիներ անց դարձավ Սաակաշվիլիի ամենախիստ քննադատը) ժողովրդին դուրս բերեցին փողոց: Շևարդնաձեն հրաժարական տվեց:
2004թ. գարնանը Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնցում ջախջախիչ հաղթանակ տարավ Սաակաշվիլի-Ժվանիա-Բուրջանաձե եռյակի ստեղծած «Ազգային շարժում-Դեմոկրատներ» դաշինքը՝ ստանալով քվեների ավելի քան երկու երրորդը: Նույն թվականի հունվարին Սաակաշվիլին նախագահ էր ընտրվել քվեների 96 տոկոսով: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ն, կասկածի տակ չդրեց այդ ընտրությունների արդյունքները, թեև 96 տոկոս արդյունքը բնորոշ է ավտորիտար երկրներին:
2008թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժումը» ստացավ քվեների գրեթե 60 տոկոսը: Մինչ այդ՝ նույն տարվա հունվարին կայացած նախագահական վիճելի ընտրություններում Սաակաշվիլին վերընտրվել էր նախագահի պաշտոնում՝ ստանալով քվեների 53 տոկոսը: Երկու ընտրություններում էլ իշխող ուժը կիրառեց կեղծարարության բոլոր այն հնարքները, որոնք կիրառվում են նաև Հայաստանում:
Վրաստանի Սահմանադրությունը արգելում է Սաակաշվիլիին երրորդ անգամ զբաղեցնել նախագահի պաշտոնը: Հավանական է թվում, որ հոկտեմբերի 1-ին կայանալիք ընտրություններից հետո, եթե, անշուշտ, «Միասնական ազգային շարժմանը» հաջողվի հաղթել և բավարար թվով աթոռներ ունենալ նոր խորհրդարանում, Սաակաշվիլին զբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը: Այդ պաշտոնը այժմ զբաղեցնում է Սաակաշվիլիի ամենահավատարիմ զինակիցը՝ Վանո Մերաբիշվիլին, որը իշխանության թեկնածուն է համարվում 2013թ. հունվարին կայանալիք նախագահական ընտրություններում:
Սաակաշվիլիին և Վրաստանում իշխող համակարգին մարտահրավեր է նետել աշխարհի ամենահարուստ վրացին՝ Բիձինա Իվանիշվիլին: Բիձինա-Միշա պայքարը դուրս է եկել քաղաքական էթիկայի գրված ու չգրված ափերից և խիստ պառակտում առաջ բերել վրաց հասարակության մեջ: