Ucom-ը և մյուսները խախտում են բաժանորդի իրավունքները. «Ազգը»` ՉԼ-ի հեռարձակումների մասին

Հայաստանում ֆուտբոլային հեռարձակումների վերաբերյալ վերջին շրջանում շատ է գրվում։ «Ազգ» օրաթերթը հետաքրքիր հոդված է հրապարակել, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը որոշ կրճատումներով։

«Ucom ընկերությունը Երևանում հաճախորդների բավականին լայն ցանց է ընդգրկել, թերևս առաջ անցնելով քաղաքում գործող կաբելային մյուս ծառայություններից: Պատճառներից մեկը թերևս առաջարկված ծառայության փաթեթային մատուցումն է, նաև դրա համեմատաբար մատչելի և որակյալ լինելը:

Հեռուստալսարանի մի մասը սպորտային հաղորդումների, մասնավորապեսՙ ֆուտբոլային մրցախաղերի հետևող է: Հայաստանում նույնպես սկսում է ձևավորվել բոլորովին նոր որակների ֆուտբոլային երկրպագուների մի շերտ, որը դրսի որոշակի ավանդույթներ և սովորույթներ փորձում է տեղայնացնել մեզանում, ինչը լավ է, և դա կարծես հաջողվում է ինչ-որ չափով: Եվ պատահական չէ նրանց նախանձախնդրությունը ֆուտբոլային խաղերի հեռարձակման որակին ու մատուցմանը (մեկնաբանությանը): Վերջիններս հիմնականում հետևում են HTB+ հեռուստաընկերության ֆուտբոլային հեռարձակումներինՙ վերը նշված որակների համար: Հայկական մի քանի հեռուստաընկերություններ (Հ1, «Արմենիա TV») ձեռք են բերել ֆուտբոլային միջազգային մրցաշարերի ցուցադրության իրավունք: Այս տարվա չեմպիոնների լիգայի առաջնության մցախաղերից հայկական ալիքներով («Արմենիա», ATV) ցուցադրվում են միայն երկուսը: HTB+ հեռուստաալիքով` մի քանիսը: Վերջինս ֆուտբոլասեր հեռուստադիտողին, բնականաբար, հնարավորություն է տալիս սեփական նախընտրությամբ հետևելու իր ուզած մրցախաղին: Սակայն, ինչպես ամեն բան Հայաստանում, ալտերնատիվ հեռուստածառայություն մատուցողները նույնպես ենթարկվում են անտրամաբանական, ավելի շուտ ոչ բարոյական ազդեցությունների: Սրա վկայությունն է, օրինակ, HTB+ հեռուստաընկերության` չեմպիոնների լիգայի խաղերի ուղիղ հեռարձակումների դադարեցումը, ինչը զրկում է հեռուստադիտողին իր վճարի դիմաց պարտադիր ստանալիք ծառայությունից, որովհետև ստիպված է լինում միայն հայկական հեռուստաալիքով հետևելու հեռարձակվող խաղինՙ չունենալով ուրիշ այլընտրանք, որով խախտվում է կաբելային հեռուստածառայություններիՙ բաժանորդի հետ կնքած պայմանագիրը:

Ի՞նչն է պատճառը: Ինչպես տեղեկացանք գործող 3 կաբելային հեռուստածառայություններից (Ucom, Ինտերակտիվ, Եվրոկաբել) Հայաստանի Հանրապետությունում միայն «Հ1» և «Արմենիա TV» ընկերություններն են բացառիկ իրավունք ստացել ֆուտբոլային խաղերի միջազգային առաջնությունների հեռարձակման: Այս տարվա չեմպիոնների լիգայի առաջնության ցուցադրման բացառիկ իրավունքը ձեռք է բերել «Արմենիան» (կազմակերպիչներից գնել է), իսկ կաբելային հեռուստատեսություններին հրահանգվել է դադարեցնել ֆուտբոլային խաղերի բոլոր ուղիղ հեռարձակումները: Որքան էլ դա իրենց շահերից չի բխում և որքան էլՙ հաճախորդ կորցնելու հնարավոր հեռանկարը կա, իրենք ենթարկվում են որոշմանը, քանի որ հակառակ պարագայում նրանց սպառնում է տուգանք: Սա արդեն մոնոպոլիա է:

Հայ հեռուստադիտողի հետևությունը (ելնելով հայաստանյան կյանքային փորձից և տիրող բարքերից) մեկն էՙ հնարավորինս շահ ակնկալելը. «Արմենիան» դառնալով բացառիկը և միակ ցուցադրողը, ավելի լայն լսարան կապահովի և լավագույն առիթը կունենա գովազդի քանակը, նաև գինը բազմապատկելու»:

Մեկնաբանել