Ռոմնին կոչ է անում միջազգային օգնությունը փոխկապակցել ազատ ձեռներեցության հետ

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին կոչ է արել միջազգային օգնությունը փոխկապակցել ազատ ձեռներեցության հետ՝ կարևորելով վերջինիս բարենպաստ դերը համայն մարդկության կյանքում։

Նախօրեին Ռոմնին ելույթ է ունեցել Նյու Յորքում՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կազմակերպած միջազգային համաժողովին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գլխավոր մրցակցի խոսքով՝ ազատ ձեռներեցության համակարգն ավելի բարենպաստ է համայն մարդկության համար, քան ցանկացած այլ համակարգ։ Նա նշել է, որ այն ոչ միայն մարդկանց դարձնում է ավելի ունևոր, այլև զարգացնում է մարդկային լավագույն որակները։

Հանրապետական թեկնածուն անդրադարձել է այն խնդրին, թե տարիներ շարունակ ստանալով արտասահմանյան օգնություն՝ զարգացող երկրներն ինչու են նախկինի պես տնտեսական դժվար իրադրությունում, որի հետևանքով նրանց բնակիչներից շատերը չեն կարողանում հաղթահարել աղքատությունը։

Ռոմնիի կարծիքով՝ պատճառն այն է, որ շատ դեպքերում հատկացվող օգնությունը փոխկապակցված չէ շուկայական բարեփոխումների հետ։

«Ժամանակավոր օգնությունը չի կարող աջակցել տնտեսությանը երկարատև ժամանակ, քանի որ վերջիվերջո՝ փողերը վերջանում են։ Ազատ ձեռներեցության համակարգն ավելի հուսալի է և ավելի երկարաժամկետ»,- պարզաբանել է ԱՄՆ նախագահի թեկնածուն։

Մասաչուսեթսի նախկին նահանգապետը ձեռներեցությունն անվանել է «բարգավաճման շարժիչ»։ Նրա խոսքով՝ «մեր խնդիրն այն է, որ այդ շարժիչը շարունակի աշխատել»։

Ռոմնին նշել է, որ ընտրվելու դեպքում ստեղծելու է «քաղաքական գործողության կոմիտե՝ ի շահ բարգավաճման»՝ կոչված ամրապնդելու ազատ ձեռներեցության սկզբունքները ամբողջ աշխարհում։

Նախագահական ընտրությունները ԱՄՆ-ում նշանակված են այս տարվա նոյեմբերի 6-ին։

Մեկնաբանել