«Արմավիան» նորից վաճառվում է

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը մտադիր է վաճառել ընկերությունը, և ներկայում բանակցություններ են ընթանում շահագրգիռ ընկերությունների հետ։

Ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան ՍիվիլՆեթ-ի հետ զրույցում նշեց, որ դեռ վերջնական որոշում չի կայացվել, թե գնորդը կլինեն իտալացիները, թե մեկ այլ ազգի ներկայացուցիչներ։

«Համաշխարհային ամբողջ ավիացիան երեք տարուց ավելի է՝ գտնվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ, և գրեթե բոլոր ավիաընկերություններն աշխատում են վնասով: Այդ իսկ պատճառով, պատճառներից մեկն այն է, որ «Արմավիան» շահութաբեր չէ»,– ասաց նա:

Հիշեցնենք, որ «Արմավիա» ընկերությունը ֆինանսական լուրջ դժվարություններ ունի և պարտքեր է կուտակել ինչպես «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին, այնպես էլ ռուսական մի շարք օդանավակայանների: Ավելին` մոտ $50 մլն վարկային պարտավորություններ ունի մի քանի հայկական բանկերի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Միխայիլ Բաղդասարովն այս տարվա ընթացքում մի քանի անգամ հայտարարել էր, որ մտադիր է վաճառել «Արմավիան»:

Նշենք նաև, որ «Արմավիան» կառավարությունից 10 տարով ստացել էր ներքին և միջազգային չվերթներ իրականացնելու բացառիկ իրավունք, որն ավարտվում է 2013թ.։