Մարիո Դրագին աճ է ակնկալում միայն հաջորդ տարի

Գերմանիայի արդյունաբերողների ֆեդերացիայի կոնգրեսում Մարիո Դրագին անդրադարձել է Եվրոպական կենտրոնական բանկի կողմից եվրոգոտու խնդրահարույց երկրների արժեթղթերի գնման ծրագրին։ «Կայունության համար շատ ավելի ռիսկային է ոչ թե գործը, այլ անգործությունը»,- ասել է ԵԿԲ նախագահը։ Դրագին հույս է հայտնել, որ եվրոգոտու տնտեսությունն կսկսի աճել արդեն հաջորդ տարվանից։

«Մենք գնային կայունության ապահովման համար մի շարք միջոցառումներ ենք ձեռնարկել, և կասկած չկա, որ դրանք կաջակցեն ֆինանսական շուկաներին։ Այդուհանդերձ, մեր գործողությունները կարող են միայն կամուրջ լինել առավել կայուն ապագայի համար։ Անհրաժեշտ է, որ իրադրության բարելավումը ամրապնդի և ոչ թե թուլացնի բարեփոխումներ իրականացնելու կառավարությունների պատրաստակամությունը»,- նշել է ԵԿԲ նախագահը:

Նրա խոսքով՝ ԵԿԲ-ն կմիջամտի միայն այն դեպքում, երբ կառավարություններն իրենք դիմեն եվրոպական կայունացման միջոցների աջակցությանը և պարտավորվեն կյանքի կոչել առաջադրվող պայմանները։ «Առանց բարեփոխումների ԵԿԲ-ի ինտերվենցիաները արդյունավետ և հուսալի չեն լինի: Մեր գործողությունները հաջող կլինեն միայն այն դեպքում, եթե ուղեկցվեն բարեփոխումներով»,- ասել է Դրագին:

Դրագիի կարծիքով՝ ոչ ավանդական միջոցառումները, որոնք մտադիր է իրականացնել ԵԿԲ-ն, համապատասխանում են Գերմանիայի շահերին։ Գերմանացիներն, ի դեպ, դեմ են ԵԿԲ-ի կողմից եվրոգոտու խնդրահարույց երկրների պարտատոմսերի գնմանը։

ԵԿԲ նախագահի խոսքով՝ եվրոն Գերմանիայի համար իրական տնտեսական առավելություններ է ապահովել: «Եվրոգոտու կայունությունն ապահովվում է Գերմանիայի ուժեղ տնտեսության շնորհիվ, և փաստը, որ այս երկիրը կայունացման հիմնադրամի խոշոր անդամ է, ապահովագրում է նրան արտաքին շոկերից»,- ասել է Դրագին։ Նա նշել է նաև, որ եվրոգոտու կառավարությունները բյուջեի դեֆիցիտի կրճատման հարցում առաջընթաց են արձանագրել:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոնգրեսում իր ելույթի ընթացքում հայտարարել է, որ չպետք է միայն Գերմանիայից աջակցություն ակնկալել։ Այդպիսի միջոցառումները տարածագոտու երկրների հետ համատեղ պատասխանատվություն են ենթադրում։

Ի դեպ՝ նախօրեին Standard&Poor’s միջազգային վարկանշային գործակալությունն իջեցրել է եվրոգոտու տնտեսական աճի կանխատեսումը այս և հաջորդ տարվա համար։ Ըստ գործակալության՝ 2012թ. եվրոգոտում ՀՆԱ-ն կնվազի 0,8%-ով՝ հուլիսի 0,7% կանխատեսման համեմատ: 2013թ. ՀՆԱ-ի աճը մոտ կլինի 0-ին՝ ավելի վաղ կանխատեսված 0,3% աճի համեմատ:

S&P-ն իջեցրել է նաև Իսպանիայի տնտեսության աճի կանխատեսումը. 2013թ. գործակալությունն ակնկալում է ՀՆԱ-ի 1,4% անկում՝ ավելի վաղ կանխատեսված 0,6%-ի համեմատ: