Բայրամովի խոսքով՝ Ղարաբաղի հայերը կարող են օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերին անհրաժեշտ ապրանքներ մատակարարելու համար հնարավոր է օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։ Այդ մասին Բայրամովն ասել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ հանդիպմանը, փոխանցում է Media.az-ը։

Հանդիպմանը քննարկվել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր:

Բայրամովը նշել է, թե հայկական կողմը մտադիր չէ հրաժարվել Ադրբեջանի ինքնիշխանությանը միջամտելու փորձերից՝ նկատի ունենալով հունիսի 15-ին Հակարի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը և Կարմիր խաչի մեքենաներով դեպի Արցախ ծխախոտ և վառելիք տեղափոխելը։

Ջեյհուն Բայրամովը նաև հայտարարել է բժշկական նպատակներով Լաչինի միջանցքով հայերի անցման հնարավորության մասին, եթե դա լինի Կարմիր խաչի միջնորդությամբ և անցակետի կանոնների պահպանմամբ։

2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։

Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։

Հունիսի 25-ին վերականգնվել էր միայն բուժառուների տեղափոխումը Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ, սակայն հուլիսի 11-ին Ադրբեջանը դադարեցրել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ավտոմեքենաների երթևեկությունը Լաչինի միջանցքով՝ «մաքսանենգության» պատճառաբանությամբ։

Մեկնաբանել