Հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը

Լուսանկարը՝ արխիվային

Հուլիսի 15-ին՝ երևանյան ժամանակով ժամը 15։00-ին, Բրյուսելում, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի կունենա Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը։ Բանակցություններն ի սկզբանե նախատեսված էին հուլիսի 21-ին, սակայն տեղի են ունենում շուրջ մեկ շաբաթ շուտ։

«Հուլիսի 15-ին Բրյուսելում նախատեսված է իմ հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ: Ես հաստատել եմ իմ մասնակցությունն այդ հանդիպմանը։ Հույս ունեմ՝ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում», – նախօրեին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի համոզմամբ՝ առաջիկա բանակցությունների ընթացքում Արցախի հարցում դժվար թե հնարավոր լինի մոտեցնել կողմերի դիրքորոշումները։ Նրա խոսքով՝ այս հարցը «կարմիր գիծ է» երկու կողմերի համար էլ, և լուրջ արդյունքներ պետք չէ ակնկալել։

Եռակողմ այս ձևաչափով վերջին հանդիպումը Բրյուսելում տեղի է ունեցել մայիսի 14-ին, այն տևել է ավելի քան չորս ժամ։

Մեկնաբանել