Բրազիլական Google-ի նախագահին կձերբակալեն

Բրազիլիայի դատարանը Google ընկերության տեղի մասնաճյուղի ղեկավարի ձերբակալման հրամանագիր է արձակել բրազիլական քաղաքներից մեկի քաղաքապետի թեկնածուի «հեղինակությունն արատավորող» տեսահոլովակը YouTube տեսահոսթինգից հեռացնելուց հրաժարվելու համար, հաղորդում է AFP-ն։

Google-ին պատկանող YouTube տեսահոսթինգում տեղադրված հոլովակների վերաբերյալ բողոքը ներկայացրել են Մատու Գրոսու դու Սուլ նահանգի ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները։ Ընտրական հանձնաժողովի կարծիքով՝ YouTube-ում տեղադրված երկու հոլովակները «զրպարտում, վիրավորում և արատավորում են» Կամպո Գրանդե քաղաքի քաղաքապետի թեկնածու Ալսիդես Բեռնալին։

Ընտրական հանձնաժողովը դատարանի միջոցով բրազիլական Google-ից պահանջել էր մեկ օրով սահմանափակել YouTube-ի մատչումը Կամպո Գրանդեում կամ Մատու Գրոսու դու Սուլ նահանգի ամբողջ տարածքում։ Ընկերությունը հրաժարվել էր կատարել պահանջը՝ հայտարարելով, որ առաջին՝ ընտրական հանձնաժողովին վրդովեցրած տեսահոլովակը բացասական քարոզչություն չէ, երկրորդ՝ Google-ը պատասխանատու չէ YouTube-ում տեղադրված տեսահոլովակի բովանդակության համար։

Այս փաստարկները դատարանին չեն համոզել, և այն արտոնել է ձերբակալել բրազիլական Google-ի նախագահ Ֆաբիո Խոսե Սիլվա Կոելիոյին՝ իշխանությունների օրինական պահանջներին չենթարկվելու մեղադրանքով։