ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը Սաֆարովի հարցով նամակ է հղել Բան Կի Մունին

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհդիևը սեպտեմբերի 17-ին նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունին` ի պատասխան ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի օգոստոսի 31-ի նամակի, որում Հայատանի արտգործնախարարությունն իր հիասթափությունն էր հայտնել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի և ազատ արձակման փաստի կապակցությամբ, հաղորդում է 1news.az-ը:

Ագշին Մեհդիևը իր նամակում պնդել է, թե Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը տեղի է ունեցել դատապարտյալների հանձնման մասին Ստրասբուրգի 1983թ. կոնվենցիային համապատասխան և կողմերի (Ադրբեջան և Հունգարիա) լիակատար համաձայնությամբ: «Ադրբեջանի նախագահն էլ նրան ներում է շնորհել երկրի սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում»,- ասված է փաստաթղթում։

Ադրբեջանցի դիվանագետն իր նամակում նաև խորհուրդ է տվել Սաֆարովի կողմից Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը դիտարկել հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում` հավելելով, որ «այս սպանությունը չի կարելի դիտարկել որպես էթնիկ հողի վրա կատարված հանցագործություն»: